Մի քանի օրից ՀՀ–ում կսկսվի կորոնավիրուսն ախտորոշող թեստերի արտադրությունը. Փաշինյան

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն ավարտել է լաբորատոր փորձաքննությունները և ԱՆ–ին է դիմել անկախ փորձարկումները կատարելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում, անդրադառնալով լրատվամիջոցի այն հարցին, թե ինչու են նվազել թեստավորման քանակները և երբ պատրաստ կլինեն հայկական արտադրության առաջին թեստերը, պատասխանեց, որ թեստավորումներն անցկացվում են ըստ ցուցումների։

Կորոնավիրուսով վարակվածներից 358–ը ծանր վիճակում են, 58–ը` ծայրահեղ ծանր. Փաշինյան

«Առողջապահության նախարարը կանոններ է սահմանել, թե որ դեպքում է պետք թեստավորել քաղաքացիներին, ուստի ամեն օր թեստավորվում են այն քաղաքացիներին, որոնց թեստավորելու անհրաժեշտություն է առաջանում։ Ինչ վերաբերվում է թեստերի արտադրությանը, ասեմ, որ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն ավարտել է լաբորատոր փորձաքննությունները և ԱՆ–ին է դիմել անկախ փորձարկումները կատարելու համար։ Առողջապահության նախարարությունը օրեր հետո այս գործընթացն ավարտին կհասցնի, որից հետո հնարավոր կլինի սկսել թեստերի արտադրությունը»,–ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը պլանավորում է օրական նվազագույնը 1000, առավելագույնը 2000-3000 թեստ արտադրել։

Արդյունքում Հայաստանը կունենա ավելի մատչելի թեստեր, քան այն, որը ձեռք է բերում կառավարությունը։

Ծրագրի վրա աշխատել է մոտ 30 մարդ, որոնցից 10-ը` փորձարկումների վրա։ Երբ հերթը հասնի թեստերի արտադրությանը, ինստիտուտում կաշխատեն հերթափոխով։

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 251-ով և հասել 8927–ի, գրանցվել է մահվան ևս 7 դեպք։