Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի հայտարարության հիման վրա քրգործ է հարուցվել

Մինչ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը որոշել է քրեական գործ չհարուցել, դատախազությունն այլ որոշում է կայացրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբոր` Էդգար Մարուքյանի հասցեին «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

Մեկ հարվածը չի կարող որակվել որպես ծեծ. ՀՔԾ-ն՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին

2020թ. մայիսի 25-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մերժել էր Էդգար Մարուքյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղարկված հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցել` հիմք ընդունելով հանցակազմի բացակայությունը։ Սակայն նյութերը և քրեական գործ հարուցելու մերժման օրինականությունը ՀՀ գլխավոր դատախազությունում ստուգելու արդյունքում պարզվել է, որ կատարվածին ամբողջական գնահատական տալու համար անհրաժեշտ է իրականացնել քննչական, դատավարական այլ, օպերատիվ-հետախուզական լրացուցիչ գործողություններ:

«Հաշվի առնելով, որ վերջնական գնահատականներ հնարավոր է տալ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ՝ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն իր որոշմամբ վերացրել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին քննիչի որոշումը և հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,- հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբայրը` Էդգար Մարուքյանը, դիմել էր գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին` հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի դեմ` ԱԺ ամբիոնից հնչեցված ուղղակի և անուղղակի սպառնալիքների համար:

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի հարցով ՀՔԾ են կանչել Արտակ Մանուկյանին

Էդգար Մարուքյանը հայտնել էր, որ մայիսի 11-ին Սասուն Միքայելյանն ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ «ցանկանում է իր հետ հաշվեհարդար տեսնել»:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ի ԱԺ նիստի ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև։ Վեճին խառնվել են նաև դահլիճում գտնվող կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեպքից ժամեր անց հանդես էր եկել հայտարարությամբ` ասելով, որ տեղի ունեցածը սադրանք է։

Մայիսի 11-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց. «Այն, ինչ էդմոնն այս ամբիոնից անվանել էր Ալենին՝ առանց ամաչելու, նույն բանը Էդմոնի եղբայրը՝ Էդուարդը, գրել է իմ մասին: Ես չեմ հակադարձի իր բառերով: Երիտասարդ, քո մայրն ինձ համար սուրբ է: Բայց քո խոսքերի համար, եթե դու ներողություն չխնդրեցիր, լավ բան չի սպասվի քեզ: Մեծի խորհուրդ եմ տալիս` աղերսաբար ներողություն խնդրես իմ ծնողից ու Ալենի ծնողից»:

Միքայելյանը նաև զգուշացրեց, որ հրապարակային ներողությունը Մարուքյանի եղբոր համար կլինի լավագույն տարբերակը՝ հիշեցնելով, թե ինչ կառույցի ղեկավար է ինքը: