Կորոնավիրուսով վարակվածներից 358–ը ծանր վիճակում են, 58–ը` ծայրահեղ ծանր. Փաշինյան

Պարետատան նիստում արձանագրել են, որ կորոնավիրուսը շատ ծանր են տանում շաքարային դիաբետով տառապող և զարկերակային բարձր ճնշում ունեցող հիվանդները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, որ ճիշտ է, այսօր կորոնավիրուսով վարակվածների թիվը համեմատաբար նվազել է, բայց դա չի կարող որոշիչ դեր ունենալ համաճարակային իրավիճակում։

Ելենա Մալիշևան անդրադարձել է Փաշինյանի` կորոնավիրուսի 2-րդ ալիքի մասին հայտարարությանը

«Համաճարակային անվտանգության կանոնների խստիվ պահպանումը առաջիկա մեկ տարվա ընթացքում լինելու է անհրաժեշտություն։ Այն, որ այսօր չեն պահպանվում այդ անվտանգության կանոնները, վկայում է այն, որ վերջին 3 օրվա ընթացքում ոստիկանությունը կազմել է շուրջ 1300 արձանագրություն»,–ասաց Փաշինյանը` նշելով, որ նույնիսկ բացօթյա առևտրի պարագայում թե՛ գնորդը, թե՛ վաճառողը պետք է լինեն դիմակով։

Նա հայտնեց, որ երեկվա դրությամբ Հայաստանում կա 358 ծանր, 58 ծայրահեղ ծանր պացիենտ, իսկ 15 մարդ միացված է թոքերի արհեստական շնչառական համակարգին։

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 251-ով և հասել 8927–ի։ Այսօր գրանցվել է մահվան 7 դեպք։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով լինեն։ Դիմակների առկայությունը պարտադիր է նաև բոլոր փակ տարածություններում։

Դիմակ կրելով կյանքեր կփրկեք. ԱԻՆ-ի մեքենաները շրջում են բակերով և իրազեկում. տեսանյութ