Կորոնավիրուսի բուժման մեթոդները պետք է նույնականացնել. Արսեն Թորոսյան

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգները հիմա առավել քան պահանջված են, լրացուցիչ մասնագետների ներգրավման անհրաժեշտություն կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է հանրապետության մի շարք բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքների ղեկավարների հետ։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Մի քանի օրից ՀՀ–ում կսկսվի կորոնավիրուսն ախտորոշող թեստերի արտադրությունը. Փաշինյան

Նախարարը հանդիպման սկզբում ասել է, որ կորոնավիրուսային հիվանդության բուժման մեթոդները պետք է նույնականացնել և կիրառել միանման մոտեցումներ` իհարկե հաշվի առնելով հիվանդի բժշկական պատմությունը։

«Ուզում եմ նաև լսել, թե ինչ պետք է անել այլ կերպ, քան հիմա արվում է»,- նշել է Արսեն Թորոսյանը։

Ներկաները քննարկել են կիրառվող գործելակարգերը, ընդհանուր մոտեցումները և ներկայացրել են իրենց դիտարկումները պացիենտների վարման վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներն այսօր առավել քան պահանջված են, և լրացուցիչ մասնագետների ներգրավման անհրաժեշտություն կա։

Ոլորտի պատասխանատուներն առաջարկել են ստեղծել ներհիվանդանոցային բազա և ըստ անհրաժեշտության ու պացիենտների կուտակումների՝ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներին գործուղել կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող բժշկական հաստատություններ։

Կորոնավիրուսով վարակվածներից 358–ը ծանր վիճակում են, 58–ը` ծայրահեղ ծանր. Փաշինյան

Ծառայության պատասխանատուներն առաջարկել են ստեղծել նաև մշտադիտարկում իրականացնող մասնագիտական խումբ, որը բժշկական կազմակերպություններում կուսումնասիրի բուժական գործընթացը, կիրառվող մեթոդները և այլն։

Քննարկվել է նաև հանրապետության առաջատար մասնագետների ներգրավմամբ կազմակերպել տեսակապով քննարկումներ, այդ թվում մասնագիտական խորհրդատվություններ և առանձին դեպքերով կոնսիլիումներ։

Նախարարը հավանության է արժանացրել առաջարկը և հանձնարարել է ձեռնարկել միջոցառումներ առաջիկայում իրագործելու համար։

Ամփոփելով հանդիպումը` որոշվել է ևս մեկ անգամ քննարկել արդեն իսկ հաստատված բուժման սկզբունքները, համապատասխանեցնել նոր մոտեցումներին՝ դիտարկելով բոլոր կողմերի մասնագիտական կարծիքները։

Թորոսյանը, կարևորելով մասնագետների հետ քննարկումը, հույս է հայտնել, որ այս ձևաչափով հանդիպումները շարունակական են լինելու։

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 251-ով և հասել 8927–ի։ Այսօր գրանցվել է մահվան 7 դեպք։

Ելենա Մալիշևան անդրադարձել է Փաշինյանի` կորոնավիրուսի 2-րդ ալիքի մասին հայտարարությանը

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը` ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով լինեն։ Դիմակների առկայությունը պարտադիր է նաև բոլոր փակ տարածություններում։

Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ ԵՊԲՀ ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը Facebook-ում դիմել էր անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությունն ընտրած կլինիկական օրդինատորներին։ Նրա խնդրանքն ու հորդորն էր միանալ այն բուժաշխատողներին, որոնք օր ու գիշեր պայքարում են նաև մեր երկրին պատուհասած կորոնավիրուսի համավարակի դեմ։