Ինչու է Արթուր Վանեցյանը որոշել մտնել քաղաքականություն. նա ներկայացրել է իր դիրքորոշումը

Արթուր Վանեցյանը խոստովանել է` երբեք չի մտածել, որ մի օր կդառնա որևէ կուսակցության անդամ, առավել ևս՝ կգլխավորի որևէ կուսակցություն։ Նա խոսել է իր պատկերացրած իշխանության, Արցախյան հիմնախնդրի, տնտեսության գահավիժման, այլ երկրների հետ հարաբերությունների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր «Հայրենիք» կուսակցության համագումարում խոսել է Հայաստանի քաղաքականության, տնտեսության, իշխանության սխալների ու իր պատկերացրած հայրենիքի մասին։

Ո՞վ ենք մենք և ո՞ւր ենք գնում

Վանեցյանն ասել է, որ տեսնում է պետության համար լուրջ ռիսկեր, բարդ խնդիրներ, վտանգավոր սխալներ, որոնք ամեն օր են արվում։

«Ցավոք, իրականանում են իմ վատագույն կանխատեսումները։ Հիմա էլ պնդում եմ, որ անհրաժեշտ է իրականացնել մեծ աշխատանք՝ ավելի վատ զարգացումներից խուսափելու համար։ Հենց դա՛ ինձ ստիպեց զբաղվել քաղաքականությամբ։ Իրական քաղաքականությամբ»,–ասել է Վանեցյանը։

Նա բացատրել է, որ իր պատկերացրած իրական քաղաքականությունը պատասխանատվությունն է՝ ընդդեմ ինֆանտիլիզմի, ազնվությունն է ընդդեմ ստի և մանիպուլյացիայի,կարգապահությունն է ընդդեմ ամենաթողության, միասնականությունն ընդդեմ պառակտման, համակարգն ընդդեմ քաոսի, կայունությունն ընդդեմ անորոշության պրոֆեսիոնալիզմն ընդդեմ դիլետանտիզմի, պրագմատիզմն ընդդեմ պոպուլիզմի։

Արթուր Վանեցյանն ընտրվեց կուսակցության նախագահ

«Մեզ պետք են իշխանություններ, որոնք զերծ կմնան կեղծ և ֆեյքային օրակարգերից, գործելաոճից և գործիքակազմից։ Մեզ պետք է իշխանություն, որը «ինտերնետային լայվի» ռեժիմից կտեղափոխվի իրական կյանքի մարտահրավերների հաղթահարման ռեժիմ:

Մեր ժողովրդին անհրաժեշտ է այնպիսի իշխանություն, որը ոչ թե կբաժանի, այլ կհամախմբի հասարակությանը՝ երկրի զարգացման ծրագրերը կյանքի կոչելու համար։ Իշխանություն, որը լուծում կտա ճգնաժամերին, այլ ոչ թե հենց ինքը կստեղծի խառնաշփոթ ու ճգնաժամեր։ Մեր Հայրենիքին անհրաժեշտ են ոչ թե կեղծ փրկիչներ, այլ՝ իրական առաջնորդներ»,–ասել է Վանեցյանը:

Արցախի մասին

Վանեցյանի խոսքով`անվտանգության ապահովման խնդիրը մեր երկրի համար մշտական առաջնահերթություն է լինելու, որովհետև խաղաղությունը աշխատանք է, պատերազմին պատրաստ լինելն ու պատերազմին դիմակայելը` աշխատանք։ Հայրենիքի անվտանգության մակարդակի բարձրացումը պահանջում է ամենօրյա, ամենժամյա գրագետ աշխատանք՝ բազմաթիվ ուղղություններով։

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը անքակտելի է և չի կարող կախվածության մեջ դրվել որևէ երրորդ կողմի համաձայնությունից կամ բարի կամքից: Դա իրավունք է և պետք է իրացվի ողջ ծավալով:Հայաստան-Արցախ փոխհարաբերությունները պետք է հիմնված լինեն ազգային տեսլականի, փոխադարձ վստահության և համագործակցության վրա: Հայաստանի կողմից միանշանակ պետք է հարգվի Արցախի սուբյեկտայնությունը: Հայաստանը պետք է ներդնի իր ջանքերը՝ Արցախի անկախության միջազգային ճանաչման համար: Հայաստանը եղել է և լինելու է Արցախի անվտանգության երաշխավորը»,–ասել է Վանեցյանը։

Արցախի հարցի լուծման միակ ճանապարհն, ըստ նրա, խաղաղ բանակցություններն են, բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Հայաստանը Արցախի հարցին անտեղի էմոցիոնալ գույներ տալու կարիք չունի. Մնացականյան

Վանեցյանը վստահ է, որ ո՛չ Արցախը, ո՛չ Հայաստանը Ադրբեջանի ճնշման առաջ չեն ընկրկելու, և այդ սպառնալիքը որևէ կերպ չի նպաստելու հարցի համապարփակ և ամբողջական լուծմանը: Հայաստանի և Արցախի հետ սպառնալիքի լեզվով խոսել հնարավոր չէ:

«Արցախի ժողովուրդը վաղուց ինքնորոշվել է։ Պատերազմով չկա լուծում։ Պատերազմով հնարավոր չէ հասնել խաղաղության և տարածաշրջանային կայունության։ Մենք մեր բանակի մարտունակությամբ, տնտեսության հզորացմամբ և ներքին համերաշխությամբ՝ այս գաղափարը պետք է հասանելի դարձնենք միջազգային հանրությանը և Ադրբեջանին։ Արցախյան հիմնահարցի կարգավորումը պետք է հիմնված լինի ոչ թե փուլային, այլ՝ փաթեթային տարբերակի վրա»,–շեշտել է նա:

Հարևանների մասին

ԱԱԾ նախկին պետն ավելի քան վստահ է, որ Իրանի և Վրաստանի հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները պետք է լինեն փայլուն։

«Սթափվե՛ք, մենք արդեն անցնում ենք այս կարմիր գծերը». Վլադիմիր Գասպարյանը մտահոգված է

«Մենք ունակ ենք տնտեսական և քաղաքական հարաբերություններում կամուրջ հանդիսանալ մեր հարևանների և մեր գործընկեր երրորդ երկրների միջև։ Մինչդեռ վերջին զարգացումները վկայում են, որ մեր ավանդական դաշնակից պետությունների հետ հարաբերությունները սկսել են վատթարանալ, ինչն անթույլատրելի է»,–ասել է Վանեցյանը։

Նրա խոսքով`մենք այնքան ենք կենտրոնացել մեր ներսում կատարվող իրադարձությունների վրա, որ կարծես թե մոռացել ենք, որ հետևողական աշխատանք է պահանջվում միջազգային գործընկերների հետ։ Աշխատանք՝ բոլոր մակարդակներում։ Անհրաժեշտ է իրականացնել ամենօրյա աշխատանք մեր միջազգային գործընկերների հետ բազմակողմ ձևաչափերով՝ ՀԱՊԿ-ում, ԵԱՏՄ-ում, ԵԽԽՎ-ում, ԵՄ-ում և այլ կառույցներում։

Ինչպես պետք է Հայաստանը զարգացնի հարաբերությունները

Վանեցյանը կարծում է, որ մենք պետք է լիարժեք օգտագործենք հնարավորությունները, որ մեզ տալիս են ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը։

«Մենք պետք է զարգացնենք Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական գործընկերությունը՝ առավել խորքային և փոխշահավետ արդյունք ստանալու նպատակով։ Մենք ունենք զգալի հնարավորություններ Իրանի հետ մեր հարաբերությունները խորացնելու համար։ Անկախ միջազգային հարաբերությունների կոնյուկտուրայից՝ Իրանը մեր վաղեմի բարեկամ պետությունն է, մեր անմիջական հարևանը և Հայաստանի համար շատ կարևոր գործընկեր»,– նշել է նա։

Միաժամանակ, մեր մյուս կարևորագույն գործընկերների՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների, եվրոպական և այլ երկրների, հատկապես՝ Չինաստանի, Հնդկաստանի հետ մեր հարաբերությունները պետք է ունենան ծրագրային և համակարգված բնույթ և հրատապ բարձրացվեն նոր մակարդակի։

Տնտեսությունը գահավիժում է

Վանեցյանը նշել է, որ վերջին ամիսներին մեր տնտեսության վիճակը, տնտեսության կառավարիչների անկարողությունը մտան յուրաքանչյուրիս տուն։

Վանեցյանը խոսել է իր և Միքայել Մինասյանի հանդիպման մասին

«Փաստորեն՝ բոլորի համար ակնառու լուրջ մարտահրավերի դեպքում հերթական անգամ վերահաստատվեց այն, ինչ ասել էի ժամանակին` որոշումների տարերայնություն, գործողությունների հախուռնություն, առաջնայինը երկրորդայինից չտարբերելը։ Ցավոք, այսօր տնտեսությունը գահավիժում է։ Բնակչության սոցիալական վիճակը շարունակաբար վատանում է։ Մարդու համար օրվա ապրուստի միջոց գտնելը դարձել է ամենաբարդ խնդիրը։ Այսօր Հայաստանում մարդիկ լավ չեն ապրում, իսկ ինձ համար հստակ է՝ Հայաստանում մարդը պետք է լավ ապրի։ Սա համարեք իմ գլխավոր նպատակը, որը սահմանել եմ ինձ համար, եթե կուզեք՝ իմ երազանքը։ Վստահեցնում եմ, ջանք չեմ խնայելու և հասնելու ենք այդ երազանքին»,– ասել է նա։

Վանեցյանը խոստացել է առաջիկայում ձևակերպված մոտեցումներ հանրության ներկայացնել Հայաստանի զարգացման բոլոր ուղղությունների վերաբերյալ։

«Իհարկե, կարող ենք շատ երկար խոսել նոր կորոնավիրուսի պայմաններում առաջացած մարտահրավերներից և դրանց հետևանքներից, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ այդ խնդիրները հաղթահարելու համար պետք է լինել իշխանություն՝ կոմպետենտ և ժողովրդի հանդեպ ազնիվ իշխանություն։ Իսկ իրավիճակը իսկապես մտահոգիչ է և պահանջում է գրագետ ու օպերատիվ կառավարում։Ամփոփելով ելույթս՝ նշեմ. որևէ քաղաքական ուժ իրավունք չունի հավակնել նրան, թե ինքն է միակ ճշմարիտը, իսկ դրա առաջնորդը՝ ազգի փրկիչ կամ մարգարե։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում կառավարող քաղաքական միավորը չունի և չի էլ ուզում ունենալ բավարար կադրային և մասնագիտական ներուժ պետության առջև ծառացած մարտահրավերները արդյունավետ հաղթահարելու համար»,– ասել է նա։

Վանեցյանի խոսքով` իրենք հետամուտ են լինելու համազգային համախմբմանը և հակաճգնաժամային համաձայնության կառավարության ձևավորմանը։

Նա իր ելույթն ավարտել է հետևյալ խոսքերով` Հայաստանը պետք է զարգանա և հզորանա, մենք կարող ենք, ու հենց մենք էլ դա անելու ենք։