«Իմ ծննդյան օրը քեզ պիտի հողին հանձնեմ». ԱԺ պատգամավորը հորն ուղղված գրառում է արել

Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Կոնջորյանի հայրը կորոնավիրուսի զոհ է դարձել։ Պատգամավորը սրտառուչ նամակ է գրել հորը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հոր մահվան առնչությամբ հուզիչ գրառում է արել Facebook-ի իր էջում։

«Պապ ջան, լույսով գնա։ Երևի Աստված ամեն մարդու ուղարկում է այնքան մեծ փորձություն, որքան որ նա կարող է տանել իր սրտում։ Այսօր՝ իմ ծննդյան օրը, ես քեզ հողին պիտի հանձնեմ ու չգիտեմ, թե որն է Աստծո նախախնամությունը այստեղ։ Բայց մի բան գիտեմ՝ իմ 33֊ամյա ծնունդը այսօր քո վերածնունդ է, պապ։ Դու ապրելու ես իմ մեջ, ես ապրելու եմ իմ և քո համար, իմ և քո փոխարեն։ Սիրում եմ քեզ։ Շնորհակալ եմ բոլորին ցավակցությունների ու զորակցության համար»,–գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոնջորյանի հայրը վարակված է եղել կորոնավիրուսով։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ըստ մայիսի 29-ի տվյալների, հասել է 8676–ի։