Եպիսկոպոսը խորհուրդ էր տալիս նշան բռնել գլխին․ հայ հոգևորականն ու Սարդարապատի ճակատամարտը

Մի քանի հայ հոգևորականներ օգնել են փարատել հայկական զորքի բարոյալքված վիճակը և Էջմիածնի մատույցներում մարտնչել թուրքերի դեմ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. «Սարդարապատ» թանգարանի տնօրեն Կարեն Փահլևանյանը Sputnik Արմենիային պատմեց, որ Սարդարապատի ճակատամարտի ժամանակ եպիսկոպոս Գարեգին Հովսեփյանն անձամբ է հայ «դիպուկահարներին» հրահանգել նշան բռնել հակառակորդի գլխին։

Եպիսկոպոսը խորհուրդ էր տալիս նշան բռնել գլխին․ հայ հոգևորականն ու Սարդարապատի ճակատամարտը

1918թ․-ի մայիսի կեսին տարածաշրջանում իրավիճակը ծանր էր։ Բրեստ-Լիտովսկի պայմանագրի ստորագրումից և Բաթումը, Արդահանն ու Կարսը գրավելուց հետո թուրքերը շարունակում էին գրոհը Էջմիածնի ուղղությամբ։ Հայոց քաղաքական և ռազմական ղեկավարությունը նախազգուշացրեց կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին, որ ժամանակն է լքել Էջմիածինը և տեղափոխվել Բջնի, Բյուրական կամ Սևան, բայց կաթողիկոսը մերժեց։

Կաթողիկոսն ասաց, որ եթե հայկական զորքն ի վիճակի չէ պաշտպանել իրեն, պաշտպանել քրիստոնեությունը, ապա ինքը պատրաստ է մնալ Էջմիածնում։ Եվ Սարդարապատի հերոսամարտի օրերին հոգևորականությունը զորքի կողքին մնաց՝ ռազմաճակատի առաջին գծում։

«Թվում է՝ հոգևորականությունը պետք է հանդես գար ընդդեմ սպանության, առավել ևս՝ չպետք է գտնվեր իրադարձությունների էպիկենտրոնում։ Բայց ոչ այս դեպքում»,-ասաց Փահլևանյանը։

Այն ժամանակ խաղասեղանին էր դրված ազգի ֆիզիկական ինքնապահպանման հարցը։ Եպիսկոպոս Գարեգին Հովսեփյանը (հետագայում՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս) Հայաստանի ամենակրթված մարդկանցից էր, սովորել էր արտասահմանում։

Բեկ–Փիրումյանի մարտական բաճկոնի գաղտնիքը. ինչպես «Էրզրումի առյուծը» հաղթեց Սարդարապատում

Հենց նա էլ ռադիոյով դիմեց զորքին, ու նրա խոսքը ոգեշնչեց հուսալքված մարդկանց։

Թուրքերի դեմ պայքարի դուրս եկան ոչ միայն զինվորները, այլև սովորական գյուղացիները, հողագործները, որսորդները։ Այն ժամանակ հենց որսորդներն էին դառնում լավագույն «դիպուկահարները»։

Մի պատմություն է պահպանվել այդպիսի որսորդներից մեկի՝ Զարզանդի և Գարեգին եպիսկոպոսի խոսակցությունից։

Մենք մի պատասխան ունենք աշխարհին. Գագիկ Գինոսյանը երիտասարդների հետ պարում է Սարդարապատում

«Երբ Զարզանդը կրակում էր հակառակորդին, Գարեգինը քմծիծաղով ասում էր` գլխին չկպավ։ Նա համարում էր, որ կրակոցները պետք է դիպուկ լինեն»,-պատմեց Փահլևանյանը` ուշադրություն հրավիրելով զինամթերքի պակասության և դրա արդյունավետ օգտագործման անհրաժեշտության վրա։

Իհարկե, այս պատմությունը գեղարվեստական տարր ունի, բայց կոնկրետ մարդկանց անուններ և գյուղերի անվանումներ են նշվում։

Սարդարապատ. ինչ գիտենք հայերին երկրորդ ցեղասպանությունից փրկած ճակատամարտի մասին

Ճակատամարտին մասնակցած հոգևորականների հստակ թիվը հայտնի չէ։ Բայց ամբողջ Գևորգյան ճեմարանը այնտեղ է եղել, ուստի կարելի է խոսել մոտ 300 հոգևորականի մասնակցության մասին։

Առհասարակ հոգևորականները հսկայական դեր են խաղացել զորքի հոգեբանական և բարոյական աջակցության հարցում։ Չպետք է մոռանալ, որ ընդամենը մի քանի տարի առաջ էր ցեղասպանությունը սկսվել, և Հայաստանում հարյուր հազարավոր փախստականներ կային, սով էր ու ավերածություններ։

Եվ ահա այդպիսի պահին պատմական հրաշք կատարվեց։ Իզուր չէ, որ որոշ պատմաբաններ Սարդարապատի ճակատամարտը համեմատում են Ավարայրի ճակատամարտի հետ և նույնիսկ ավելի կարևոր են համարում։

Տոնի տխուր կողմը. Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում մայիսի 28–ին մարդ չկա