Դելի-Երևան հատուկ չվերթով Հայաստան են տեղափոխվել Հնդկաստանում գտնվող ՀՀ քաղաքացիները

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Հնդկաստանի գործընկերներին շնորհակալություն է հայտնում աջակցության համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Դելի-Երևան հատուկ չվերթով մայիսի 29-ին Հայաստան են տեղափոխվել Հնդկաստանում գտնվող Հայաստանի 23 քաղաքացիներ, իսկ Հայաստանից Հնդկաստան են տեղափոխվել Հայաստանում գտնվող 130 հնդիկ ուսանողներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի լայնածավալ տարածման կանխարգելման գործում օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ իրականացվող գործողությունների շրջանակներում՝ ՀՀ ԱԳՆ, Հայաստանում Հնդկաստանի դեսպանության և Հնդկաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցության արդյունքում մայիսի 29-ին Հնդկաստանի կառավարության կողմից կոմերցիոն հիմունքներով կազմակերպվել է Դելի-Երևան հատուկ չվերթ»,–ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին «Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ հատուկ չվերթ իրականացնել։

Նույն օրը «Արմենիա» ավիաընկերությունը կիրականացնի հատուկ չվերթ Երևան-Միներալնիե Վոդի-Երևան ուղղությամբ։

Իսկ հունիսի 27-ից կվերսկսվեն Երևան-Բրյուսել-Երևան երթուղով կանոնավոր չվերթերը։

Հավելենք, որ պարետատունը հորդորում է մարդկանց չգնալ օդանավակայան և չդիմավորել հարազատներին։ Երևան վերադարձածները կենթարկեն 14–օրյա պարտադիր ինքնամեկուսացման։