Ոստիկանությունը շարունակում է ուժեղացված հսկողությունը. հերթը Դավթաշենինն է

Փողոցում արևածաղկի սերմ ուտող պապիկները ոստիկանի նկատողությունից հետո պահեցին արևածաղկի տոպրակն ու իրարից հեռու նստեցին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Այսօր առավոտից ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում:

Գործ ունենք համավարակի երկրորդ ալիքի հետ. Փաշինյան

Ոստիկանները ստուգում են ինչպես բաց տարածքներում քաղաքացիների մոտ դիմակների առկայությունը, այնպես էլ փակ տարածքներում, տրանսպորտում ու ավտոմեքենաներում դրանց պարտադիր կրումը: Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել Facebook-ում։

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետի տեղակալ, մայոր Գեղամ Բաղրամյանը, մեկնաբանելով ուժեղացված հսկողության նպատակը, նշեց, որ ոստիկանության աշխատակիցների նպատակը քաղաքացիներին տուգանելը չէ:

«Հետևում ենք, թե ինչքանով են հետևում մեր համաքաղաքացիները պարետի որոշմանն ու կատարում դրա պահանջները: Ասեմ, որ ոստիկանությունն ի սկզբանե տրամադրված չէ քաղաքացիներին վարչական պատասխանատվության ենթարկելու»,- ասաց նա:

Ոստիկանության մայորը հայտնեց, որ Դավթաշենում արդեն երրորդ անգամ է ուժեղացված հսկողություն իրականացվում: Նրա խոսքով` առաջին հսկողության համեմատ տարբերությունը մեծ է, այժմ քաղաքացիների 90%-ը դիմակներ ունեն:

Երևանի ո՞ր հատվածներում են «ռեյդեր» իրականացվել. ոստիկանապետը մանրամասներ է հայտնում

Տեսանյութում երևում է, որ ոստիկանները մոտենում են քաղաքացիներին, հարցնում` դիմակ ունեն, թե ոչ:

Փողոցի նստարանին նստած, արևածաղկի սերմ ուտող տարեց տղամարդիկ ոստիկանության մայորից նկատողություն ստացան ոչ միայն սոցիալական հեռավորություն չպահելու, այլև փողոցն աղտոտելու համար: Ոստիկանի հորդորից հետո տղամարդիկ նստեցին իրարից ավելի հեռու ու պահեցին արևածաղկի սերմով լցված տոպրակը:

Ինչքան կծախսի մեկ ընտանիքը դիմակների համար

Տեսանյութում հարցված քաղաքացիներից միայն 14-ամյա պատանու մոտ դիմակ չհայտնաբերվեց: Ոստիկանները նկատողություն արեցին, բայց չտուգանեցին, քանի որ անչափահաս էր:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի համաճարակի բավականին ծանր իրավիճակ, ուսումնասիրության արդյունքում հանգել են այն եզրակացության, որ պարետատան հաստատած կանոններն արդյունավետ են, խնդիրը դրանց պահպանելու մեջ է: Նա հայտնել էր նաև, որ Հայաստանում խստացված վերահսկողություն է հաստատվելու, մայիսի 26-ից իրականացվելու են խիստ «ռեյդեր»:

Նոր թրենդային աքսեսուար. թանգարանները հայտնի կտավներով դիմակներ կպատրաստեն