Երևանում տերմինալներից գողություն անելու հարցում «մասնագիտացած» խումբ է բացահայտվել

Երիտասարդները օրեր առաջ գողացել էին նաև Մաշտոցի պողոտայի և Աբովյան փողոցի վճարային տերմինալների մետաղադրամի և թղթադրամի ընդունիչ սարքերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի- Sputnik. Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել երևանյան մի քանի վճարահաշվարկային տերմինալներից գողություն կատարած խմբի։ Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մայիսի 27-ին՝ ժամը 03.35-ին, ոստիկանության կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձինք Խորենացու փողոցից փորձում են տերմինալը գողանալ:

Ինչու են բերման ենթարկել «օրենքով գող» Արսեն Երևանսկուն

Դեպքի վայր մեկնած ոստիկաններին տեսնելով՝ գողության փորձ կատարողները դիմել են փախուստի։ Ոստիկանները հետապնդել են նրանց, Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում բռնել են 22 և 26-ամյա երկու երիտասարդ։ Նրանք բերման են ենթարկվել ոստիկանական բաժին:

«Պարզվել է, որ ժամը 03.30-ին երիտասարդները տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են վճարային տերմինալը և դրամարկղից գումար գողացել: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մետաղադրամներ»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Գողացել են լեգենդար «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանները. լուսանկարներ

Իրավապահները նաև պարզել են, որ բերման ենթարկված երիտասարդներին օրեր առաջ հաջողվել է գողությունն իրականացնել։ Մայիսի 21-ին և 24-ին երիտասարդները կրկին տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են նաև Մաշտոցի պողոտայի և Աբովյան փողոցի վճարային տերմինալների մետաղադրամի և թղթադրամի ընդունիչ սարքերը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Երիտասարդները ձերբակալվել են։ Քննությունը շարունակվում է։

«Անբախտ» գողերը. տղամարդիկ տերմինալը գրկած դուրս են հանել, բայց տեղ չեն հասցրել. տեսանյութ