ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի- Sputnik.Կորոնավիրուսով հիվանդ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների մեծ մասը ներկայում բուժում են ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։ Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ այս տեղեկությունը հաղորդեց ԲԿ–ի տնօրեն Արման Հովակիմյանը։
Նրա խոսքով՝ մինչ օրս բուժկենտրոնն ընդունել է կորոնավիրուսով 1470 հիվանդների, որոնցից 450–ը` ծանր և ծայրահեղ ծանր։ Նա նշեց, որ ծանր վիճակում գտնվող հիվանդները վերակենդանացման բաժանմունքների ծառայություններից օգտվելու կարիք ունեն, ինչն այսօր ամենասուղն է։ Բուժկենտրոնի ընդհանուր մահճակալային ֆոնդը մոտ հինգ հարյուր է, որից ութսունը վերակենդանացման բաժանմունքինն է։
«Վերակենդանացման բաժանմունքի մահճակալները զբաղված են մոտ 95 տոկոսով, իսկ ընդհանուր բաժանմունքներում՝ 80 տոկոսով»,- նշեց Հովակիմյանը և հորդորեց քաղաքացիներին հետևել անվտանգության կանոններին՝ հանրապետության առողջապահական համակարգը «կոլապսի չենթարկելու համար»։
Որն է COVID-19–ից մահացության ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկիրը. ՄԱԿ–ի տվյալները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ այս պահին առողջապահական համակարգում անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների կարիք կա։ Նա նաև նշեց, որ կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ զբաղվող բուժաշխատողների աշխատավարձերը 2-3 անգամ բարձրացել են պարգևատրումների ֆոնդի հաշվին, Առողջապահության նախարարությունը հոգում է նաև նրանց կեցության և սննդի հարցերը։ Պարգևատրումներ են ստացել նաև շտապօգնության աշխատակիցները։
Հիշեցնենք՝ այսօր պարետատան նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մեկ միլիոն բնակչության հաշվով կորոնավիրուսի վարակակիրների թվով Հայաստանն արդեն անցել է Իրանից և Ֆրանսիայից, հավասարվել Ռուսաստանին։ Եթե վիրուսի տարածման տեմպը պահպանվի, ապա շուտով Հայաստանը կորոնավիրուսի տարածման ցուցանիշով կմոտենա Իտալիային։
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 460-ով և հասել 8676–ի։
Կորոնավիրուսի թեստ անցկացնող բժիշկներն են վարակվել. «Աստղիկ» ԲԿ-ն մանրամասներ է հայտնում