«Սա հսկայական դժբախտություն է». Արմեն Սարգսյանը` կորոնավիրուսի մասին

Արմեն Սարգսյանը կոչով դիմել է քաղաքացիներին ու շնորհակալություն հայտնել բժիշկներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը դիմել է ՀՀ քաղաքացիներին՝ կոչ անելով լինել զգոն և պահպանել անհրաժեշտ բոլոր կանոնները:

«Չեմ ուզում` մեր հայրենակիցներից որևէ մեկը մտածի, որ եթե օրական 10 կամ ավելի քիչ մարդիկ են մահանում, կարելի է սա համարել սովորական կյանք։ Սա սովորական կյանք չէ։ Սա հսկայական դժբախտություն է: Պատկերացրեք` 5, 10, 15 ընտանիքներ իրենց հարազատներին են կորցրել»,-ասել է նախագահը:

Սարգսյանը ցավակցություն է հայտնել մահացածների հարազատներին՝ ևս մեկ անգամ հորդորելով լինել շատ ուշադիր, սկզբունքային ու կարգապահ:

Նախագահը նաև իր շնորհակալական խոսքն է ուղղել բժիշկներին՝ ծանրաբեռնված ու նվիրված աշխատանքի համար:

«Անկախ նրանից, թե ինչ է կատարվում, մենք այսօր գիտենք, որ բժիշկներն աշխատում են օր ու գիշեր, իրենց ու իրենց ընտանիքի կյանքն են վտանգի տակ դնում։ Հիվանդանոցներին պետք է վերաբերվենք որպես առողջության բաստիոնների, ամրոցների։ Բոլոր բժիշկներին հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը՝ սկսած գլխավոր բժիշկներից մինչև հերթապահ բժիշկներ, սանիտարներ, պահակներ։ Դուք այսօրվա մեր հերոսներն եք»,- ասված է նախագաի ուղերձում։

Ի դեպ, նախագահն իր ուղերձը հղել է կրթության փորձագետ Անահիտ Բախշյանի հետ հանդիպման ժամանակ:

Հատկանշական է, որ նախագահի մամուլի ծառայության հրապարակած տեսանյութում ու լուսանկարներում հանդիպմանը ներկա Արմեն Սարգսյանը, Անահիտ Բախշյանն ու նախագահի աշխատակազմի աշխատակիցը դիմակներով չեն: Հանդիպման սկզբում նախագահն առաջարկում է հանել դիմակները՝ նշելով, որ միմյանցից բավական հեռավորության վրա են գտնվում:

Հիշեցնենք՝ մայիսի 25–ից ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն արտակարգ դրության ժամանակ գործող սահմանափակումներում որոշ փոփոխություններ է կատարել։ Այսուհետ դիմակ կրելը պարտադիր է փակ տարածքներում, դրանց առկայությունը պետք է բաց հասարակական վայրերում և նույնիսկ ավտոմեքենայում, եթե առկա է մեկից ավելի մարդ:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 460-ով և հասել 8676–ի։