Հայաստանը կորոնավիրուսի ցուցանիշով մոտենում է Իտալիային. Փաշինյան

Վարչապետի կարծիքով` այս ամենի պատճառը համաճարակաբանական կանոնների չպահպանումն է, իրավիճակին պատշաճ լրջությամբ չվերաբերվելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի-  Sputnik. Կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը Հայաստանում շարունակում է վատթարանալ։ Պարետատան նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ճեպազրույցով՝ նշելով, որ մեկ միլիոն բնակչության հաշվով կորոնավիրուսի վարակակիրների թվով Հայաստանն արդեն անցել է  Իրանին և Ֆրանսիային, հավասարվել է Ռուսաստանին։ Եթե վիրուսի տարածման տեմպը պահպանվի, ապա շուտով Հայաստանը կորոնավիրուսի տարածման ցուցանիշով կմոտենա Իտալիային։

Կորոնավիրուսի թեստ անցկացնող բժիշկներն են վարակվել. «Աստղիկ» ԲԿ-ն մանրամասներ է հայտնում

«Համաճարակի տարածման այսպիսի տեմպը, անկախ նրանից, թե քանի տոկոսն է ախտանիշով, և որքան տոկոսն է ասիմպտոմ, ինքնաբերաբար բերում է ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի և նաև մահվան դեպքերի աճի»,- հայտարարեց վարչապետը՝ նշելով, որ այս ամենի պատճառը համաճարակաբանական կանոնների չպահպանումն է, իրավիճակին պատշաճ լրջությամբ չվերաբերվելը։

Փաշինյանը նշեց, որ այսօր ամբողջ օրվա ընթացքում ԱԻՆ մեքենաները շրջել են քաղաքում և կառավարության անունից բարձրախոսով ուղերձ հնչեցրել։ Ուղերձում կոչ է արվում կրել դիմակներ, և դրանք հանել միայն սնվելիս։ Առանց դիմակի չի կարելի շփվել ընտանիքի անդամ չհանդիսացողի հետ։ Վարչապետը մանրամասնում է՝ եթե ընտանիքի անդամը կորոնավիրուսի դրական ախտորոշում ունի կամ կոնտակտավոր է կամ ախտանշաններ ունի, այս դեպքում նրա հետ շփվելիս ևս պետք է դիմակ կրել։ Փաշինյանը ևս մեկ անգամ հիշեցրեց ձեռքերը հաճախակի ախտահանելու և սոցիալական հեռավորություն պահպանելու մասին։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև միջազգային մամուլում տարածվող ապատեղեկատվությանը, ըստ որի մարտի 31-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հորդորել է դիմակ կրել հիվանդներին և հիվանդ խնամողներին։

Կորոնավիրուսից մահացել է հանրահայտ ֆիլմի հերոսուհու հայ ամուսինը

«Դա եղել է մարտի 31-ին և եղել է այն պայմաններում, երբ դիմակների համաշխարհային դեֆիցիտ կար, և ընդհանուր առմամբ, սա նաև ցույց է տալիս հետևյալը՝ քանի որ սա նոր համաճարակ է, ամբողջ աշխարհում մարդկությունը նոր է սովորում համավարակի դեմ պայքարի արդյունավետ միջոցները»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս շփոթը ոչ միայն Հայաստանում է, այլև ամբողջ աշխարհում:

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 460-ով և հասել 8676–ի։