Արայիկ Հարությունյանը Մայիլյանին արտգործնախարար է նշանակել, Բաբայանին` ԱԱԽ քարտուղար

Արցախի Հանրապետության նախագահը երկար մտածելուց հետո որոշում է կայացրել և մի շարք նշանակումներ արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik.Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook–ի ուղիղ եթերում հայտնեց, որ Մասիս Մայիլյանին նշանակել է Արցախի Հանրապետության արտգործնախարար։

«Համագործակցելու եմ բոլորի հետ անխտիր»․ Արայիկ Հարությունյան

«Երկար եմ մտածել այդ ուղղությամբ: Ես համագործակցության կոչն արել եմ, նա ընդունել է, մենք մտածում էինք համագործակցության տարբեր ձևաչափերի մասին՝ հաշվի առնելով Մայիլյանի ստացած ձայների քանակը նախագահական ընտրություններում»,-ասաց նա` նշելով, որ իրենց հարաբերությունները միշտ ջերմ են եղել։

Հարությունյանը խնդրեց սա չհամարել քաղաքական առևտուր:

«Խնդրում եմ, որ որևէ մեկը սա քաղաքական առևտուր չհամար։ Մենք քաղաքական առևտուր չենք արել, այլ համաձայնվել ենք միասին ստանձնել մեր երկրի պատասխանատվությունը»,-ընդգծեց նա։

Հարությունյանի խոսքով` վերջնական հանգրվանի են եկել նաև Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ։

«Վերջնական որոշումը կայացրել ենք երեկ։ Նրան առաջարկել եմ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը»,– ասաց նա։

Արցախի նախագահի նախկին մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ էր ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, որը նախկինում զբաղեցրել էր ԱՀ վարչապետի պաշտոնը։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նրա հետ մրցակցության մեջ մնացել էր ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը։ Մայիսի 21-ին Հարությունյանը երդվեց ու ստանձնեց Արցախի նախագահի պաշտոնը։

Արայիկ Հարությունյանն աշխատակազմի ղեկավար է նշանակել