Ուժով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք. Արցախի նախագահ

Արցախի նախագահն իր ելույթում հայտնել է, որ Արցախը դեմ չէ խաղաղ բանակցությունների փուլային տարբերակին, բայց և նշել է, թե ինչ առաջնային պայմաններ պետք է քննարկվեն այդ դեպքում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերում արցախցիներին ուղղված իր ուղերձում անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 28-ի ելույթին՝ նշելով, որ դա քաղաքական գործչին վայել ելույթ չէր:

Արցախի իշխանությունների կողմից բացառվում են միակողմանի զիջումները. Արայիկ Հարությունյան

«Մանավանդ այս հայտարարությունը՝ «աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում»: Այսինքն՝ ուժով հարցի լուծման ճանապարհն ես ընտրե՞լ, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք, և ուզում եմ վստահեցնել, որ արդյունքը մեզ համար պարզ է: Այն, ինչ ունեցել եք 1994թ-ին, կունենաք նաև այսօր: Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբևէ խոսել»,- հեռակա կարգով դիմելով Ալիևին՝ ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահն իր ելույթում խոսեց նաև Ալիևի մեկ այլ արտահայտության մասին, թե․ «մեր հին քաղաք Երևանը տվել են Հայաստանին, դա չի կարելի ներել»:

Հարությունյանն Ալիևին առաջարկեց փորձել շտկել «պատմական անճշտությունները», եթե այդպես է կարծում, բայց և զգուշացրեց` դա Ադրբեջանի համար լինելու է կործանարար:

«Համագործակցելու եմ բոլորի հետ անխտիր»․ Արայիկ Հարությունյան

«Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ: Մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով, բանակցության միջոցով հարցի խաղաղ լուծմանը, և այն հայտարարությունը, որը դու արել ես, թե՝ «միայն փուլային տարբերակով կարող է լուծվել», իհարկե, փուլային կարող է լուծվել, բայց միայն մի տարբերակով՝ առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչում, երկրորդ՝ մեր անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո միայն ՝ բանակցություններ: Այլ տարբերակ չի լինելու»,-նշեց Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը Մայիլյանին արտգործնախարար է նշանակել, Բաբայանին` ԱԱԽ քարտուղար

Մայիսի 28-ին Ադրբեջանի Ղարադաղի շրջանում բնակելի համալիրի բացման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ճառում դարձյալ խոստացել է վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նշելով որ դրա համար կարևոր գործոնն իր երկրի ռամական հզորությունն է:

Իսկ որպես ուժի կիրառման օրինակ Ալիևը հիշատակել է 2016թ-ի ապրիլյան պատերազմը: