Երևանի ո՞ր հատվածներում են «ռեյդեր» իրականացվել. ոստիկանապետը մանրամասներ է հայտնում

Հարյուրավոր քաղաքացիների նկատմամբ կազմվել է վարչական տուգանք։ Մի շարք տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը կասեցվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի  – Sputnik. Ոստիկանությունը վերջին օրերին ստուգայցեր է իրականացրել Երևանի Դավթաշեն, Նորք Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում, այսօր ստուգայցեր են իրականացվել Կենտրոն վարչական շրջանում։ Տեղեկությունը հայտնեց Հայաստանի ոստիկանապետ Արման Սարգսյանը։

«Դավթաշեն վարչական շրջանում 104 քաղաքացու նկատմամբ կազմվել է վարչական տուգանք, Նուբարաշեն և Նորք Մարաշ վարչական շրջաններում` 124 քաղաքացու նկատմամբ, թվով 62 տնտեսավարող սուբյեկտների գործունեությունը կասեցվել է»,– ասաց նա պարետատան այսօրվա նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում։

Սարգսյանի խոսքով` ոստիկանության աշխատակիցները խախտումներ հայտնաբերած տնտեսվարող օբյեկտներում որոշ ժամանակ անց կրկին ստուցումներ են անցկացրել համոզվելու համար, որ քաղաքացիները վարչական տույժի ենթարկվելուց հետո պահպանում են պարետատան ցուցումները։

Համավարակի ամենամեծ տարածման աղբյուրն այսօր Երևանն է. Փաշինյան

Վերջին օրերի ընթացքում շուրջ 2000 քաղաքացու նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։ Այդ գործընթացը լինելու է շարունակական։

Ոստիկանապետը նաև հավելեց, որ ՀՀ միջմարզային ճանապարհներին տեղադրվել են համապատասխան թվով ուղեփակոցներ` անցակետեր, որոնք հնարավորություն են տալիս ոստիկաններին մշտադիտարկել այն տրանսպորտային միջոցները , որոնցով երթևեկում են քաղաքացիները, հանրային ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները ։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում վարորդները կենթարկվեն վարչական պատասխանատվության։

Նշենք, որ մայիսի 28–ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 8216–ի։

Վերջին մեկ օրում կորոնավիրուսից 15 մարդ է մահացել։ Նրանցից 7–ը տղամարդ են, 8–ը` կին։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի համաճարակի բավականին ծանր իրավիճակ։ Իրավիճակի ուսումնասիրության արդյունքում հանգել են այն եզրակացության, որ պարետատան հաստատած կանոններն արդյունավետ են, խնդիրը դրանց պահպանելու մեջ է: Նա հայտնել էր նաև, որ Հայաստանում խստացված վերահսկողություն է հաստատվելու, մայիսի 26-ից իրականացվելու են խիստ «ռեյդեր»: