Այսօր Հայաստանը նշում է Առաջին հանրապետության օրը։ Արդեն 102 տարի հայ ժողովրդի համար մայիսի 28–ը տոն է։ 1918թ. մայիսին հայ ժողովուրդը կարողացավ ոտքի կանգնել և արժանի հակահարված տալ թշնամուն։ Հաղթելով թուրքական կանոնավոր բանակին, հայ ժողովուրդն ապացուցեց, որ արժանի է ապրելու ազատ ու անկախ երկրում։
Սարդարապատի ճակատամարտում հայ ժողովրդի հաղթանակի 50-ամյակի կապակցությամբ` 1968 թվականի մայիսին, Արմավիրի մարզում բացվեց Սարդարապատի հուշահամալիրը, որը կառուցման օրվանից մինչ օրս միշտ մարդաշատ է եղել հատկապես մայիսի 28–ին` Առաջին հանրապետության տոնի օրը։
Այս տարի, սակայն, կորոնավիրուսի համավարակը կյանքի բնականոն ռիթմը խախտեց նաև այստեղ։ 52 տարվա մեջ առաջին անգամ մայիսի 28–ին Սարդարապատի հուշահամալիրը դատարկ է։
Հանրապետությունում համավարակի տարածումը կանխելու և մարդկային հնարավոր կուտակումներից խուսափելու նպատակով մայիսի 28-ին աարգելվել է տրանսպորտային միջոցների և քաղաքացիների մուտքը Սարդարապատի հուշահամալիր։
Հիշեցենք` մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 442 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվը 8216 է, որոնցից 3287-ն` առողջացած, 113-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 54931 թեստավորում:
Ապրիլի 16–ից սկսած Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ է գործում, որը կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։
Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։
Այս տարի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված`ապրիլի 24–ին էլ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում էր արգելվել մարդկանց մուտքը։
15 մահ, 442 վարակված` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացել է 8216 մարդ