Ամենադժվարն առաջին անկախությունն էր. ինչով են նման Առաջին և Երրորդ հանրապետությունները

Եկեք անկեղծ լինենք։ Անկախության երեք ամիս ունենք. օգոստոս՝ երբ ընդունեցինք Անկախության հռչակագիրը, սեպտեմբեր՝ երբ միահամուռ «այո» ասացինք անկախությանը և վերջապես մայիս՝ երբ առաջին անգամ անկախություն հռչակեցինք։
Sputnik
Ամենադժվարն առաջին անկախությունն էր. ինչով են նման Առաջին և Երրորդ հանրապետությունները

Այդ առաջինը ամենադժվարն էր, խոստովանենք՝ այնքան էլ չէինք ուզում։ Եվ, այնուամենայնիվ, ուղիղ 102 տարի առաջ հրապարակվեց մի հաղորդագրություն, որում նշված էր. «Հայոց ազգային խորհուրդը մայիսի 28-ին որոշեց հռչակել Հայկական պետության անկախությունը, հիմնեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը»: Այսպիսով՝ Կիլիկյան թագավորության անկումից ավելի քան 600 տարի անց մենք՝ հայերս, կրկին ունեցանք մեր սեփական պետությունը։

Առաջին հանրապետության փորձը, ձեռքբերումները և ձախողումները մեզ դասեր են տալիս. ՀՀ նախագահ

Սիմոն Վրացյանը, որը հետագայում վարչապետ դարձավ, փաստում էր՝ Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում հարկադրված եղավ Հայաստանը հայտարարել անկախ, «որովհետև այն պահին անկախությունը բոլորի կողմից համարվում էր ահավոր մի հեռանկար, հայ ժողովուրդը թուրքերի լծի տակ գցելու վտանգ։ 1918թ. մայիսին թուրքերն ի վիճակի էին գրավելու և՛ Երևանը, և՛ ամբողջ Հայաստանը, բայց չգրավեցին: Հակառակը, հունիսի 4-ին Բաթումում, Հայաստանի նորակազմ կառավարության ներկայացուցիչների հետ նրանք ստորագրեցին հաշտության դաշնագիր և դրանով, փաստորեն, ճանաչեցին Հայաստանի անկախությունը: Այսպիսով, պատմության դառը հեգնանքով, Հայաստանի անկախության միջազգային առաջին ճանաչումը կատարեցին թուրքերը»,- գրում է Վրացյանը:

Հայաստանցի ղեկավարները միայն երկու ամիս անց Թիֆլիսից ժամանեցին Երևան։ Բայց բոլոր դեպքերում 1918 թվականի մայիսի վերջին տասնօրյակը չափազանց կարևոր դեր է խաղացել հայ ժողովրդի պատմության ընթացքում, որովհետև հենց այդ օրերին տեղի ունեցան Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերը, որոնք փաստորեն դրեցին անկախ պետականության հռչակման հիմքը։ 

Հայկական նորաստեղծ պետությունը շատ փոքր էր՝ ընդամենը մոտ 12 հազար քառակուսի կիլոմետր, այսինքն՝ ներկայիս Հայաստանի հազիվ մեկ երրորդը։  Բայց հետո իրադրությունը մի փոքր բարելավվեց՝ Թուրքիան պարտություն կրեց Առաջին համաշխարհային պատերազմում և սկսեց հեռանալ գրավյալ հայկական շրջաններից, այդ թվում՝ Լոռիից։ Ճիշտ է, Լոռվա հանդեպ հավակնություններ սկսեցին ներկայացնել վրացիները, բայց հայկական ուժերին, Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ, ի վերջո հաջողվեց դուրս մղել վրացիներին այդ տարածքներից։

Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է դրվել Սարդարապատի հուշահամալիրում

Ավելին՝ 1919 թվականի գարնանը հայկական զորքերը անգլիացիների աջակցությամբ ազատագրեցին Կարսի մարզը և Նախիջևանի գավառը՝ ընդամենը մեկ տարվա պատմություն ունեցող հանրապետության տարածքն ընդարձակվեց ու հասավ 60 հազար քառակուսի կիլոմետրի։

Նորանկախ պետության ընդհանուր վիճակն այնուամենայնիվ չափազանց ծանր էր՝ քայքայվել էր տնտեսությունը, չէին աշխատում պղնձի հանքերն ու գործարանները, սովյալների թիվն անցնում էր կես միլիոնից: Այսպիսի պայմաններում անկախ Հայաստանը կարողացավ գոյատևել ընդամենը երկուսուկես տարի։ Հետո եկավ ռուսական բանակը, Հայաստանը հռչակվեց Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն և մտավ ընդհանուր տերության՝  Խորհրդային միության կազմի մեջ, որտեղ մնաց մոտ 70 տարի։ 

Փաշինյանը համոզված է` ՀՀ քաղաքացին այլևս երբեք թույլ չի տա պետականության կորուստ

Ինչ է փոխվել այն օրերից։ Մի կողմից, իհարկե, համեմատելը շատ դժվար է, որովհետեև փոփոխությունները ողջ աշխարհում և տարածաշրջանում հսկայական են։ Բայց մյուս կողմից՝ կարելի է նաև որոշ զուգահեռներ անցկացնել։ Առաջին անրապետությունը կազմավորվեց ողբերգությունից՝ Ցեղասպանությունից երեք տարի անց։ Այսօրվա Հայաստանը իր անկախության հանրաքվեն անցկացրեց մեկ այլ ողբերգությունից՝ Սպիտակի երկրաշարժից երեք տարի անց։ Թուրքիայի հետ հարաբերությունները այսօր՝ Հայկական առաջին հանրապետության հռչակումից  մեկ դար անց, մնում են չկարգավորված՝ դիվանագիտական հարաբերություններ չունենք, սահմանն էլ փակ է։ 

«Ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնում». Սերժ Սարգսյանի ուղերձը

Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական վեճը ինչպես այն ժամանակ, հիմա էլ՝ ավելի քան հարյուր տարի հետո շարունակվում է և այսօր էլ շատ դժվար է գուշակել, թե վերջնական լուծումն ինչպիսին է լինելու։ Առաջին հանրապետության գլխին շարունակ կախված էր պատերազմի վտանգը։ Նոր Հայաստանը նույնպես գտնվում էր փաստացի կիսապատերազմական վիճակում։ Առաջինը՝ խորհրդարանական հանրապետություն էր, այժմ Հայաստանը կրկին անցել է նույն համակարգին։ 

Ուղղակի այժմ ունենք փաստորեն երկու հայկական պետություն՝ մեկը ճանաչված, մյուսը՝ չճանաչված, բայց երկուսն էլ գոյատևում են արդեն ավելի քան քառորդ դար՝ տասն անգամ ավելի երկար, քան հայկական Առաջին հանրապետությունը։