ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. Վրաստանի մի շարք խանութների հաճախորդները չեն կարողանա գնումներ կատարելուց առաջ փորձել հագուստը։ Retail Group Georgia ընկերության տնօրեն Ռեզո Մագալաշվիլին «Բիզնեսպրեսնյուսի» հետ զրույցում ասել է, որ խանութների հանդերձարանները կփակվեն։
Խոսքը վերաբերում է Zara, Massimo Duti, Oisho, Bershka, Stradivarius և Վրաստանում ներկայացված մի շարք ապրանքանիշներին։ Որոշման պատճառը կորոնավիրուսի համավարակն է։ Արգելքն ուժի մեջ կմտնի, երբ սահմանափակումները կչեղարկվեն ու առևտրի կենտրոնները կբացվեն։
«Մեծ ռիսկ կա, որ վարակը կարող է տարածվել նաև հագուստի միջոցով, այդ պատճառով էլ կանխարգելիչ միջոցներ կկիրառվեն», - ասել է Մագալաշվիլին։
Նա նշել է նաև, որ հագուստը վերադարձնելու դեպքում այն անպայման կախտահանվի։
Հիշեցնենք` Վրաստանը մայիսի 23-ին որոշեց չերկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, սակայն մի շարք սահմանափակումներ կգործեն մինչև հուլիսի 15-ը։ Օրինակ` հագուստի և կոշիկի խանութներն այժմ կարող են միայն առցանց աշխատել։
Մայիսի 26-ի դրությամբ՝ Վրաստանում 732 մարդ է վարակվել կորոնավիրուսով։
Բարի գալուստ ապագա. նստել եմ թախտին, սպասում եմ առաքմանը, նրանք ինձ հաց ու ջուր են բերում