Սանկտ Պետերբուրգից Հայաստան են վերադառնում 225 քաղաքացի. նրանց մեջ զորակոչիկներ կան

Չարտերային չվերթով Հայաստան են վերադառնում նաև 5 զորակոչիկ: Նրանց ու ևս 14 անվճարունակ քաղաքացիների ուղևորատոմսերի համար վճարել են բարերարները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Ժամեր առաջ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգից դեպի Երևան ուղևորվեց հերթական չարտերային թռիչքը։ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հայտնում է, որ չվերթը մեկնարկել է ՌԴ ժամանակով ժամը 16.05-ին։

«Հայաստանի Հանրապետություն վերադարձավ 225 քաղաքացի, 5-ը` մինչև երկու տարեկան երեխա: 19 քաղաքացու ուղևորատոմսի արժեքը վճարվել է տեղի հայ բարերարների կողմից՝ գլխավոր հյուպատոսության միջնորդությամբ, որոնցից 5-ը զորակոչիկ են, մնացածը՝ անվճարունակ»,- նշված է հյուպատոսության հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով կազմակերպված չվերթն իրականացնում է «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունը։

Հիշեցնենք՝ վերջին ամիսների ընթացքում Ռուսաստանի տարբեր քաղաքներից դեպի Հայաստան ՀՀ քաղաքացիների, այսպես կոչված, տարհանման հատուկ չվերթեր են իրականացվել, մասնավորապես՝ Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Կրասնոդարից, Սոչիից, Վորոնեժից, Դոնի Ռոստովից։

Պարետի նոր որոշմամբ՝ Հայաստան վերադարձող քաղաքացիներն այլևս չեն մեկուսացվի հյուրանոցներում. նրանց ինքնամեկուսացման պահանջ է ներկայացվում։