Այո, խոսքը ամերիկացի հայտնի գործարար Իլոն Մասկին պատկանող «Սպեյսիքս» ընկերության մշակած «Քրյու Դրագոն» հրթիռի մասին է։ Ինչու եմ ասում, որ հրթիռի արձակումը կարող է տեղի ունենալ, այլ ոչ թե տեղի կունենա՝ եղանակն է պատճառը, մինչև հիմա Քանավերալ հրվանդանի շրջանում շարունակվում է ուժգին ամպրոպը՝ չընդհատվող կայծակներով։ Բոլոր դեպքերում, եթե այսօր հրթիռը չարձակվի, թռիչքը կհետաձգվի մինչև այս ամսվա վերջը։
Ամերիկացիների համար սա կրկնակի նշանակալից իրադարձություն է՝ սա նրանց քամբեքն է, վերադարձը, չէ՞ որ վերջին տասնամյակում միայն ղազախստանյան Բայկոնուրից էին թռչում տիեզերք։ Շատ հակիրճ ներկայացնեմ պատմությունը։ Հիշում եք, իհարկե, որ այսպես կոչված մաքոքային տիեզերանավերի օգտագործման 30 տարիների ընթացքում նրանցից երկուսը պայթել էին՝ 86 թվականին «Չելենջերը», իսկ 2003 թվականին` «Կոլումբիան»։ Այս ողբերգություններից հետո էլ ամերիկյան տիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն, չհրաժարվեց բազմակի օգտագործման հրթիռների շահագործումից, բայց երբ 2011 թվականին պարզվեց, որ «Դիսքավերի» տիեզերանավից արձակման պահին մասեր են պոկվել, որոշվեց վերջնականապես հրաժարվել մաքոքներից։
Մնաց երկու տարբերակ՝ ամերիկացի տիեզերագնացներին ուղեծիր ուղարկել կա՛մ չինական, կա՛մ ռուսաստանյան հրթիռներով։ Չինական տարբերակից Կոնգրեսը հրաժարվեց 2011 թվականին` վախենալով այսպես կոչված արդյունաբերական լրտեսությունից։ Ընտրվեց ռուսաստանյան տարբերակը, մանավանդ որ ռուսների հետ համագործակցելու փորձ ամերիկացիներն ունեին դեռ խորհրդային տարիներից։ Մեր նոր սերունդն, իհարկե, տեղյակ էլ չէ, որ ժամանակին նույնիսկ այդպիսի սիգարետներ կային, որոնց տուփի վրա գրված էր՝ «Սոյուզ-Ապոլոն»։ Այո, 70-ական թվականներին սովետական «Սոյուզի» և ամերիկյան «Ապոլոնի» անձնակազմերը համատեղ թռիչքներ էին իրականացնում։
Ովքե՞ր են թռչելու այսօր կեսգիշերին։ Երկու փորձառու տիեզերագնացներ՝ Դագ Հերլին և Ռոբերտ Բենքենը։ Հետաքրքիր է, որ նրանք ոչ միայն մտերիմ ընկերներ են, այլև երկուսն էլ ամուսնացած են, եթե կարելի է այսպես ասել, տիեզերագնացուհիների հետ։ Հերլիի կինը երկու անգամ է եղել ուղեծրում, բայց հիմա արդեն հրաժարվել է տիեզերագնացի կարիերայից, տնային տնտեսուհի է դարձել և դաստիարակում է 10-ամյա որդուն, իսկ Բենքենի կինն ընդհակառակը` ընդգրկվել է այն անձնակազմում, որը մտադիր է 2004 թվականին վայրէջք կատարել լուսնի վրա։
Ինչու ամերիկացիներն ի վերջո որոշեցին հրաժարվել ռուսաստանցիների ծառայություններից։ Որոշ փորձագետներ պնդում են՝ հենց ռուսաստանցիներն էլ մեղավոր են։ Զգալով, որ ունեն դեպի միջազգային տիեզերակայան թռչելու մենաշնորհ, նրանք սկսեցին բարձրացնել գինը։ Կոնկրետ թվեր բերեմ։ Մոտ 10 տարի առաջ ՆԱՍԱ-ն մեկ տիեզերագնացի համար ռուսներին վճարել էր 20 միլիոն դոլար։ Այս տարվա հոկտեմբերին արձակվելիք հրթիռում տեղ զբաղեցնելու համար Ռուսաստանի իշխանություններն ամերիկացիներից պահանջում են 90 միլիոն։ Այնինչ իրականում այսպես կոչված տիեզերական զբոսաշրջիկների համար նախատեսված սակագները գնալով պիտի նվազեն։ Տեսեք։ 2008 թվականին միջազգային տիեզերակայանում երկու շաբաթ մնալու համար ամերիկացի գործարար Ռիչարդ Գերիեթը վճարել էր 30 միլիոն դոլար։ Իսկ հիմա Իլոն Մասկի ընկերությունն ասում է՝ եթե ամեն ինչ հաջող ընթանա, ապագայում տիեզերական զբոսաշրջիկից մի օրվա համար կպահանջենք ընդամենը 35 հազար դոլար։
Մի խոսքով, եթե տիեզերական տուրիզմը Իլոն Մասկի շնորհիվ զարգանա, ամենևին չի բացառվում, որ իրականություն կդառնա նաև Հայաստանի նախագահի երազանքը։ Հիշենք, որ այս տարվա սկզբին Աբու Դաբիում կայացած համաժողովում Արմեն Սարգսյանն ասել էր. «Երբ ես շատ փոքր էի, առաջին մարդը թռավ տիեզերք։ Նրա անունը Յուրի Գագարին էր։ Թվում էր, որ դա գիտական ֆանտաստիկա է։ Ինչպե՞ս կարող է մարդը գնալ տիեզերք։ Սակայն այդ օրվանից ես սկսեցի երազել տիեզերք թռչելու մասին։ Եվ կյանքիս ընթացքում անընդհատ մտածում եմ՝ կկարողանա՞մ իրականացնել երազանքս, թե ոչ։ Սկզբում ես գիտնական էի, իսկ տիեզերք գնալու համար պետք է ֆիզիկապես ամուր լինել, պատրաստված, լինել աստղագետ, իսկ դա նշանակում է, որ երիտասարդ մաթեմատիկոսը չէր կարող դա անել։ Հետո ես դարձա դիվանագետ, ապա վարչապետ, հետո դարձա ազատ մարդ, գործարար, սակայն երազանքս շարունակում է մնալ։ Երբ շատ մոտ էի երազանքիս իրականացմանը և ունեի բավարար գումար տիեզերք մեկնող զբոսաշրջիկ դառնալու համար, ես դարձա նախագահ։ Սակայն ես շարունակում եմ երազել և գուցե լինեմ առաջին նախագահը, որ կթռչի տիեզերք»:
Բոլոր հիմարությունները դեմքի խելոք արտահայտությամբ են արվում, կամ Մյունխհաուզենի սինդրոմը