Ճոխության հարկ. դղյակների տերերը կզրկվեն սիմվոլիկ հարկեր վճարելու հնարավորությունից

ՀՀ կառավարությունը հաստատեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» նախագիծը: Ֆինանսների նախարարն առաջարկեց այն ԱԺ-ում քննարկել անհետաձգելի կարգով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է անշարժ գույքի հարկը հաշվառել շուկայական արժեքին մոտարկված արժեքների հիման վրա: «Այս համակարգին անցում կատարելը թույլ կտա ապահովել տեսանելի հարստության կամ ունեցվածքի համարժեք հարկումը»,- ասաց նախարարը:

Թադևոսյան. «Հարկային օրենսգիրքը պետք է ամբողջովին վերանայվի»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ օրենքի փոփոխությունը հատկապես կարևոր է քաղաքացիական գիտակցության և պետության նկատմամբ վերաբերմունքի փոփոխության տեսակետից:

«Գույքահարկն ավելանալու է այն գույքերի համար, որոնք մենք պայմանականորեն անվանում ենք «դղյակներ», «ապարանքներ» և այլն: Որովհետև եթե նայենք այսօր, թե այդ մեծադղիրդ առանձնատներն ինչ գույքահարկ են վճարում, ըստ էության՝ սիմվոլիկ: Երկար տարիներ Հայաստանում այն բանավեճն է տեղի ունեցել, որ պետք է կիրառել ճոխության հարկ, բայց ճոխության հարկը կիրառվել է այնպես, որ հետո ստիպված ենք եղել վերացնել, որովհետև երբ արդյունքներին ենք նայել, տեսել ենք, որ գումար չի հավաքվում»,- ասաց Փաշինյանը:

Ներկայացրած նոր նախագիծը, Փաշինյանի համոզմամբ, այդ բախտին չի արժանանա և կտա ցանկալի արդյունք՝ ճոխ գույքի տերերը կվճարեն ավելի, հասարակ քաղաքացիները՝ պակաս:

«Այս օրենքի ընդունումից հետո առաջին տարում մոտավորապես 490 - 500 հազար քաղաքացիների գույքահարկը կպակասի, հետո կսկսի կամաց-կամաց ավելանալ»,- ասաց Փաշինյանը:

ՊԵԿ–ն ագրեսիվ հարկային պլանավորման դեպք է հայտնաբերել

ՀՀ կառավարությունը հաստատեց «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» նախագիծը: Ֆինանսների նախարարն առաջարկեց այն ԱԺ-ում քննարկել անհետաձգելի կարգով, որպեսզի նոր օրենքը սկսի գործել արդեն 2021 թ-ի հունվարի 1-ից: