Հայաստանը Արցախի հարցին անտեղի էմոցիոնալ գույներ տալու կարիք չունի. Մնացականյան

ՀՀ արտգործնախարարն ԱԺ-ում պատասխանեց Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն գործողությունների մասին հարցին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ Հայաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ Ադրբեջանի գործողություններին ու սպառնալիքներին։ Նախարարն այս թեմային ադրադարձավ` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Սմբատյանի հարցին։

Ադրբեջանի գործողությունները պետք է պատշաճ կերպով դատապարտվեն. Մնացականյան

«Մենք ունենք մեր հետևողական քաղաքականությունը: Խաղաղ կարգավորման մեր մոտեցումների մասին հարցերին, այն հարցերին, որոնք վերաբերում են Արցախի մասնակցությանը խաղաղ կարգավորման գործընթացին ու խաղաղ գործընթացի համար համապատասխան միջավայրի ապահովման հարցերին, մեր դիրքորոշումն արտահայտված է ու հետևողականորեն տարվում է առաջ: Մենք շատ հստակ գիտենք, թե ինչ ենք ասում, շատ հստակ ասում ենք ու կարիք չունենք դրան անտեղի էմոցիոնալ գույներ տալու»,- ասաց Մնացականյանը:

 

Նախարարը հայտարարեց, որ ռազմատենչ հայտարարություններ չի անելու անգամ ԱԺ-ում, բայց պատրաստ է առանձին զրուցել պատգամավորին հուզող հարցերի շուրջ:

Հիշեցնենք` Արցախում ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցման փորձ էին արել մայիսի 23-ին։