ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. ԵՊԲՀ ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը Facebook-ում դիմել է անեսթեզիոլոգիա և ռեանիմատոլոգիա մասնագիտությունն ընտրած կլինիկական օրդինատորներին։ Նրա խնդրանքն ու հորդորն է միանալ այն բուժաշխատողներին, որոնք օր ու գիշեր պայքարում են նաև մեր երկրին պատուհասած կորոնավիրուսի համավարակի դեմ։
«Խնդրում եմ` միացեք մեր բժիշկներին, ձեր կարիքն ունենք բոլորս․․․ Ժամանակն է եկել, ևս մեկ անգամ աշխարհին ապացուցելու, որ «Հերացի» անունը կրող բուհի շրջանավարտն ամենազորողն է ու ամենակատարյալը: Մեր ուսումնառության ընթացքում մեզ սովորեցրել են հոգատարությամբ վերաբերվել մեր պացիենտներին, մենք գիտեինք և գիտակցել ենք, որ ընտրում ենք մի ճանապարհ, որը չպետք է լինի նյութապաշտության դաշտում, մենք պարտավոր ենք այսօր ծառայել մեր հասարակությանը՝ այլընտրանք պարզապես չունենք»,- գրել է ԵՊԲՀ ռեկտորը։
Նա նշել է, որ օրդինատորների կարիքն այսօր շատ ունեն պրոֆեսիոնալ բուժաշխատողները։ Մուրադյանը նաև տեղեկացրել է, որ Բժշկական համալսարանը նրանց տվյալներն արդեն ներկայացրել է պարետատանը։
«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների կենտրոնում կորոնավիրուսի դեպք է հաստատվել
«Այս պահին դուք եք բժշկական «արտադրական» կարևորագույն, հզորագույն շարժիչ ուժը ու մեր բոլորի հույսը»,- գրել է նա։
Մուրադյանը հավելել է` ոչ մի րոպե չի կասկածում, որ այս չարիքին հաղթելու ենք։ Նա վստահ է, որովհետև անձամբ ճանապարհ է անցել այն մարդկանց հետ, որոնք այսօր առաջնագծում կռվում եմ անտեսանելի թշնամու դեմ:
«Խոնարհվում եմ նրանցից յուրաքանչյուրի առաջ, նրանք մշտապես անգնահատելի, անմնացորդ ծառայել են ու ծառայում են Հայաստանի Հանրապետությանը։ Հաղթանակի պահը մոտեցնելու համար անհրաժեշտ է մեր բոլորիս ջանքերի միավորումը, խնդրում եմ` միացեք, դարձեք հենասյուն, օգնեք` այս պատերազմը հաղթենք»,- ևս մեկ անգամ հորդորել է նախկին նախարարը՝ համոզմունք հայտնելով, որ շուտով հաղթահարելու ենք համաճարակն ու ապրելու ենք առողջ մեր խաղաղ երկրում:
Նա նաև տեղեկացրել է, որ արդեն իսկ 9 մասնագետներ (Միքայելյան համալսարանական հիվանդանոցից` 3, Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից` 3, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնից 3 անեսթեզիոլոգներ և ռեանիմատոլոգներ) միացել են Covid 19-ի դեմ պայքարին։ Նրանք հիմա աշխատում են կորոնավիրուսով հիվանդների համար հատուկ առանձնացված բուժհաստատություններում:
«Միակ ելքը կանխարգելիչ միջոցներն են». կորոնավիրուսի դեմ պայքարող բժշկի խորհուրդները