ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ դիմեց դիմորդների ծնողներին։
«Այս բարձր ամբիոնը օգտագործելով` շատ պետք է խնդրեմ, որ ծնողները մաքսիմալ զերծ մնան քննական կենտրոններ այցելելուց, որպեսզի կուտակումներ չունենանք։ Մենք սահմանելու ենք կարգ, որ հերթ կանգնեն համապատասխան հեռավորությամբ, բայց որքան քիչ մարդ ուղեկցի մեր դիմորդներին, այնքան մեծ է հավանականությունը, որ մենք ավելի անվտանգ կիրականացնենք քննությունները»,– ասաց նա։
Նա հիշեցրեց, որ ընդունելության քննությունների գրանցումն այս տարի արվելու է առցանց տարբերակով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ dimord.am կայքում։ Բուհ ընդունվելու համար այս տարի միայն մեկ պարտադիր քննություն կլինի, մնացածը` ըստ ընտրության:
Նշենք, որ մայիսի 27–ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 7774–ի։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 4377 մարդ, կատարվել է 53678 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3255–ը։ Մեկ օրում գրանցվել է մահվան 7 դեպք։