ԱԺ-ն վավերացրեց ԵԱՏՄ մաքսային արտոնությունները 1 տարով երկարաձգող արձանագրությունը

Հայաստանին տրված ԵԱՏՄ մաքսային արտոնությունների ժամկետը կերկարացվի մինչև 2021թ-ը: Ավտոմեքենաների մաքսազերծման գների վրա նոր արտոնությունը չի տարածվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Սոցիալական նշանակության 647 ապրանք Հայաստանում այս տարի չի թանկանա: ԱԺ-ն այսօր միաձայն՝ 118 կողմ ձայնով հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագծին:

ԵԱՏՄ տարածքում կորոնավիրուսի պատճառով ապրանքային դեֆիցիտ չի լինի

Դրանով 647 ապրանքատեսակների համար երրորդ երկրներից ներմուծման մաքսատուրքերն այս տարի կմնան անփոփոխ: Նոր, ավելի բարձր մաքսատուրքերը կսկսեն գործել միայն 2021թ-ի հունվարի 1-ից:

Այդ ապրանքատեսակներից են ընտանի թռչնի միսը, կարագը, խոշոր եղջերավոր անասունի սառեցված միսը, արևածաղկի յուղը, մարգարինը, մանկական պատրաստի կերերը, մշակված կաշվե հումքը, անտառանյութը, թանկարժեք, կիսաթանկարժեք քարերը և այլն:

Ինչպես երեկ նախագծի ներկայացման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, այս հնարավորություն կտա Հայաստանի տնտեսավարողներին երրորդ երկրներից ներկրվող հումքը շարունակել ներկրել նույն արժեքով, ինչը թույլ կտա տեղում արտադրվող ապրանքները ևս չթանկացնել:

Նշենք, որ այս նախագծով ՀՀ խորհրդարանը վավերացրեց ոչ միայն Հայաստանին, այլև Ղրղզստանին արտոնյալ մաքսատուրքերի լրացուցիչ մեկ տարի տրամադրելու մասին նույնաբովանդակ համաձայնագիրը:

Դոլարն էժանացել է, բանանը՝ թանկացել. ադամաթզի շուկան չի ենթարկվում տնտեսական օրենքներին

Արտոնության նոր ժամկետը չի տարածվի ներկրվող ավտոմեքենաների վրա: Դրանց արտոնյալ ժամկետը լրացել է 2020 թվականի հունվարի 1-ին:

Հիշեցնենք՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի պայմանագրին ՀՀ-ը միացել էր 2014 թվականի հոկտեմբերի 10-ին: Իսկ լրացուցիչ փոփոխությունների մասին արձանագրությունը, որով Հայաստանին տրված արտոնությունների ժամկետը երկարացվեց ևս մեկ տարով, ստորագրվել էր 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում: