ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. ՀՀ ոստիկանությունը զբաղվում է համացանցում հայտնված տեսանյութի 7–ամյա տղայի հարցով։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հրապարակել է ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը։
«Երեկ համացանցում տեղեկություն էր տարածվել 7-ամյա Ալեքս Ստեփանյանին բռնության ենթարկելու մասին: Տեղեկացնեմ, որ դեպքն անմիջապես հայտնվեց ոստիկանության ուշադրության կենտրոնում, և երեկվանից ոստիկանությունը զբաղվում է այդ հարցով: Երեխան տեղափոխվել է աջակցության կենտրոն: Ծնողների նկատմամբ կիրառվել են անհետաձգելի միջամտության պաշտպանական միջոցներ: Նրանք ոստիկանության տարածքային բաժնում, որպես բռնարարներ, վերցվել են հաշվառման: Բռնության փաստով նյութեր են նախապատրաստվում»,–գրել է նա:
Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ փոքրիկ Ալեքսը տեղափոխվել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն։
Նշենք, որ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Խարբերդի ամառանոցային տնակներից մեկում մոր և մոր ամուսնու հետ ապրող փոքրիկին կնոջ ամուսինը, լինելով հարբեցող, պարբերաբար նվաստացրել ու տանջել է, ստիպել է երեխային իր հետ օղի խմել, փոքրիկը քնել է սառը գետնի վրա:
Շատ օգտատերեր տարածեցին տեսանյութն ու տեղեկությունը, և այն հայտնվեց ոստիկանության ուշադրության կենտրոնում։
Ձերբակալվել է Facebook սոցցանցի ուղիղ եթերով բռնության սպառնալիքներ հնչեցնող տղամարդը
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը սոցիալական ցանցի իր էջում գրեց, որ երեխային արդեն տեղափոխել են մանկատուն և խոստացավ, որ ամեն ինչ անելու է, որ երեխային մշտապես ստորացրած ու Ալեքսի մանկությունը խլած տղամարդը պատժվի օրենքի ողջ խստությամբ: