Վարչապետը գիտակցում է` որն է եղել կառավարության սխալը կորոնավիրուսի դեմ պայքարում

Այն կանոնը, որը սահմանվել է ՀՀ քաղաքացիների համար, արդեն խստորեն պահպանում են նաև կառավարության անդամներն ու պետական կառավարման մարմինների աշխատակիցները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Այսօր պարետատան հերթական նիստի ավարտին կայացած բրիֆինգի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարին ու մատնանշեց, թե որն է եղել կառավարության հիմնական սխալը:

COVID 19-ով հիվանդներից 250-ը գտնվում են ծանր վիճակում. նախարարը նոր տվյալներ է հրապարակել

«Երբ որ քաղաքացու համավարակային վարքագծի փոփոխություն տեղի ունենա, մենք կունենանք համավարակի հաղթահարում: Մենք ուրիշ մեթոդ չգիտենք: Այո, մենք նաև վարչական լծակներ ենք կիրառում, բայց մեր քաղաքական ուժի ծագումնաբանությունը թույլ չի տալիս ամենադաժան դիկտատորական մեթոդները կիրառել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ իշխանությունն այսօր արդեն անում է այն, ինչը ինչը մինչ այս չի արել. պահպանում է բոլոր այն կանոնները, որոնք սահմանել է ՀՀ քաղաքացիների համար։ 

«Երևի այն ժամանակ մտածել ենք՝ ճիշտ կլինի՞ բա, որ վարչապետը, կառավարության անդամները դիմակներով ներկայանան: Հիմա այն կանոնը, որ ձեզ համար ենք սահմանել, սիրելի՛ քաղաքացիներ, խստորեն պահպանում ենք ու նույնը ակնկալում ենք ձեզանից»,- ասաց վարչապետը:

Խոսելով կառավարության վերահսկողական գործառույթից՝ Փաշինյանը նշեց, որ տնտեսական գործունեության սահմանափակումների վերացումից հետո հարյուրավոր ձեռնարկություններ են փակվել, քաղաքացիներ են տուգանվել:

Գործ ունենք համավարակի երկրորդ ալիքի հետ. Փաշինյան

«Այսօր, օրինակ, առավոտյան մի ժամվա ընթացքում 35 տաքսու վարորդ է ենթարկվել պատասխանատվության, տասնյակ տրանսպորտային միջոցներ են ենթարկվել պատասխանատվության: Երեկ գործնականում ամբողջ Կասկադի սրճարաններն ու ռեստորանները փակվեցին»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ բոլորը պետք է հասկանան, որ սահմանված կանոնների խախտումն անխուսափելիորեն բերելու է պատասխանատվության:

Վարչական լծակների կիրառմամբ, Փաշինյանի խոսքով, կառավարությունը փորձում է բարձրացնել քաղաքացիների քաղաքացիական գիտակցության մակարդակը:

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 289-ով և հասել 7402–ի։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 4052 մարդ, կատարվել է 51594 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3220–ը։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 91 դեպք և մահվան 39 անուղղակի դեպք:

Օգոստոսին լրջագույն ճգնաժամը բախելու է մեր դուռը. Մելքումյան