Վարակի հետ երկար ենք ապրելու. առողջապահության նախարարը կոչ է անում չտրվել կեղծ լուրերին

Արսեն Թորոսյանի խոսքով` Հայաստանում շուտով պետք է ձևավորվի մի նոր միջավայր, որտեղ բոլորս պետք է ապրենք համավարակին զուգընթաց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. Այսօր պարետատան հերթական նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը քաղաքացիներին կոչ արեց չտրվել կեղծ լուրերին, որոնք կասկածի տակ են դնում դիմակների էֆեկտիվությունը:

«Դիմակների կարգապահ և էֆեկտիվ կրումն ուղիղ ազդում է այն թվի վրա, որով չափում են վարակի տարածման տեմպը: Դա վերարտադրողականության թիվն է, որը որակյալ և կարգապահ դիմակներ կրելու դեպքում կարող է իջնել մեկից, ինչը թույլ կտա մարել վարակը: Այսինքն՝ եթե մենք հավաքական ջանքերով կանոնները ճիշտ պահպանելով առաջ գնանք, ունենք բոլոր շանսերը վարակը պահելու կառավարելի և նաև մարման վիճակում»,- ասաց նա:

Միաժամանակ Թորոսյանը հայտնեց, որ պարետատան այսօրվա նիստում որոշում է կայացվել շարունակել առողջապահական համակարգի հզորացման գործընթացը, քանի որ դեռ երկար ժամանակ ստիպված ենք լինելու ապրել վարակին զուգընթաց:

Վարչապետը գիտակցում է` որն է եղել կառավարության սխալը կորոնավիրուսի դեմ պայքարում

«Դա պետք է լինի դեռևս անսովոր, բայց շուտով սովորական դարձած մի միջավայր, որտեղ մենք, մեր երեխաները, մեր ընտանիքները, մեր ծնողները պետք է ապրեն: Դա պարզապես անխուսափելի է ու որևէ մեկի ցանկությամբ պայմանավորված չէ»,- ասաց Թորոսյանը:

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 289-ով և հասել 7402–ի։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 4052 մարդ, կատարվել է 51594 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3220–ը։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 91 դեպք և մահվան 39 անուղղակի դեպք:

Գործ ունենք համավարակի երկրորդ ալիքի հետ. Փաշինյան