ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր կրկին հետաձգեց «Քոչարյանի և մյուսների» գործով հերթական նիստը։
Դատավորը տեղեկացրեց, որ «Իզմիրլյան» ԲԿ-ից ստացվել է տեղեկանք այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով առողջական վիճակից, գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ այսօրվա նիստին։
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակը։ Նա և իր ամուսինը՝ Կարեն Մեժլումյանը, չեն կարող ներկայանալ դատական նիստին։
Բացի այդ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել էր հետաձգել դատական նիստերը՝ հաշվի առնելով երկրում առկա համաճարակային իրավիճակը։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 9-ին, ժամը 13:00-ին։
Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. հայտնի է դատական նիստի օրը
ՀՀ երկրորդ նախագահին մեղադրանք է առաջադրվել 2008 թ–ի մարտի 1-ի բողոքի ակցիաները ցրելու ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար։ Նա իրեն ուղղված մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարում։ 2018թ-ին Քոչարյանին երկու անգամ ձերբակալեցին: 2019 թվականի հունիսի վերջին նա ձերբակալվեց երրորդ անգամ: Երկրորդ նախագահին նաև կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրված։