Լավրովն ասաց` ով կարող է ՀԱՊԿ դիտորդ դառնալ ապագայում

ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ սահմանելու համար մնում է, որ համապատասխան որոշումը վավերացնի Տաջիկստանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր, ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը և ԱՊՀ-ն ապագայում կարող են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկերների կարգավիճակ ստանալ։

ՀԱՊԿ ներուժը կարևոր է կորոնավիրուսի ստեղծած սպառնալիքներին արձագանքելու համար. Լավրով

Նախարարը հիշեցրեց, որ ՀԱՊԿ գործընկերների և դիտորդների կարգավիճակ սահմանելու մասին որոշումը կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները երկու տարի առաջ ընդունել են Ղազախստանում։

«Որոշումը ստորագրել են պետությունների ղեկավարները, վավերացման գործընթացն ավարտվել է բոլոր երկրներում` բացի Տաջիկստանից։ Հենց որ Տաջիկստանն էլ վավերացնի, որոշումն ուժի մեջ կմտնի։ Մենք այսօր հաստատեցինք պայմանավորվածությունը, որ դա պետք է արվի փոխզիջման հիման վրա` հաշվի առնելով ՀԱՊԿ յուրաքանչյուր երկրի շահերը և այն հավելյալ օգուտը, որ կարող են քաղել մեր գործընկերներն ու դիտորդները»,-նշեց նա։

Ընդ որում՝ նման դիտորդ կարող են լինել ոչ միայն երկրները, այլ նաև կազմակերպությունները։ Լավրովը հիշեցրեց նաև, որ ՀԱՊԿ-ը սերտ կապեր ունի ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի հետ, և այսօր ուրվագծվում է նրանց դիտորդի կարգավիճակ տալու հայեցակարգը։

Լավրովը խոսել է Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համագործակցության բնույթի մասին

«Պաշտոնական խնդրանքներ չեն եղել հենց թեկուզ այն պատճառով, որ առայժմ իրավաբանական կարգավիճակ չկա»,-ասաց Լավրովը։

Բացի այդ, նրա խոսքով, կազմակերպության հետ ակտիվորեն համագործակցում է Սերբիան։

«Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածաշրջանի հարևան մյուս երկրները ևս կհետաքրքրվեն դրանով»,-ընդգծեց նախարարը։

ՀԱՊԿ անդամ երկրներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Տաջիկստանը, Ղրղզստանը և Ղազախստանը։

Ռուսաստանն ու Հայաստանը պաշտպանում են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` գլոբալ հրադադարի կոչը