Հեծանվային վրաերթի գործով կալանավորված Արթուր Ալեքսանյանն ազատ է արձակվել

Դատարանը բավարարել է «հեծանիվի գործով» կալանավորված Ալեքսանյանի պաշտպանների միջնորդությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին հեծանվով վրաերթի ենթարկելու մեղադրանքով կալանավորված Արթուր Ալեքսանյանն ազատ է արձակվել: Այս մասին Facebook-ում հայտնել է նրա փաստաբան Էմին Բեգլարյանը:

«Հենց նոր դատավոր Ա. Նիկողոսյանի որոշմամբ «հեծանիվի գործով» իմ և փաստաբան Կարեն Մեժլումյանի կալանավորված պաշտպանյալը՝ Ա. Ալեքսանյանը, ազատ արձակվեց՝ հիմնավոր կասկածի և հիմքերի բացակայությամբ»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ 2020թ–ի մայիսի 11-ին ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հաղորդում էր ներկայացրել, որ նույն օրը, ժամը 17:10-ի սահմաններում անհայտ անձն իր վրա է վարել հեծանիվը, որից հետո իր հասցեին հնչեցրել է բռնություն գործադրելու սպառնալիք:

Արթուր Ալեքսանյանի դատական ակտը պաշտպանական կողմը որակում է որպես խայտառակություն

ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով Ալեքսանյանը ձերբակալվել էր, իսկ մայիսի 15-ին՝ կալանավորվել:

Ալեքսանյանի փաստաբանի պնդմամբ` քննչական մարմինը որևէ հիմնավոր փաստարկ, ապացույց կամ հանգամանք չի ներկայացրել:

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Արթուր Ալեքսանյանը Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության անդամ է։ Նա նախաձեռնության այլ անդամների հետ ակցիա է իրականացրել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման դեմ, որի ընթացքում, հանդիպելով ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին նրանից պահանջել է դեմ քվեարկել կոնվենցիայի վավերացմանը: Ազգային ժողովի նիստի ավարտից հետո Արթուր Ալեքսանյանը Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում հետապնդել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին և պարզելով, որ վերջինս կողմ է քվեարկել կոնվենցիայի վավերացմանը, տվել է սեռական բնույթի հայհոյանքներ և սպառնացել հաշվեհարդար տեսնել նրա հետ: