Խոստովանեմ՝ երբեք չեմ սիրել դպրոցը: Ու բոլորովին ոչ այն պատճառով, որ իմ դպրոցը վատն է եղել: Այնպես է ստացվել, որ մեր մայրաքաղաքի երկու դպրոցում եմ սովորել, երկուսն էլ Երևանի առաջատար դպրոցներից էին: Դասատուներն էլ շատ լավն էին։ Տարիներ հետո ուսուցիչներիս մեկը նույնիսկ Փարիզում ինձ իր տուն հրավիրեց: Դասարանից էլ չեմ կարող բողոքել. համադասարանցիներիցս մեկը ոչ միայն Հայաստանի վարչապետ, այլև նախագահ դարձավ:
Այս նոր սերունդը ընդհանուր առմամբ շատ վատն է՝ միայն իր օգուտի մասին է մտածում: Քանի դեռ չեք բարկացել, շտապեմ ճշտել, որ սա ես չեմ ասել: Շատ դարեր առաջ հույն փիլիսոփա Սոկրատեսն է ասել. «Այս սերունդը վատն է ու անդաստիարակ, մեծերի հանդեպ հարգանք ընդհանրապես չունի»: Հազարամյակներ շարունակ Սոկրատեսի այս պնդումը կրկնվում է, վատ ու անդաստիարակ սերունդը դառնում է ավագ սերունդ ու նույն բանն է ասում նոր սերնդի մասին՝ մենք շատ լավն էինք, դուք վատն եք:
Անկեղծ ասեմ, իմ կարծիքով, հիմիկվա նոր սերունդը մեր սերնդից առանձնապես ոչնչով էլ չի տարբերվում: Համենայնդեպս ավելի վատը չէ. դա` հաստատ:
Ու չեմ էլ կարող ասել, թե սեփական փորձից ելնելով շատ արժեքավոր խորհուրդ կարող եմ տալ այն տղաներին ու աղջիկներին, որոնք հիմա երևի ինձ չեն էլ լսում՝ շատ էլ ճիշտ են անում: Ուղղակի եթե հարցնեին՝ ինչ դառնանք, չէի կարող պատասխանել: Մի անգամ շատ հաճելի հանդիպում ունեցա լրագրող դառնալ ցանկացող դպրոցականների հետ: Փորձեցի ներկայացնել լրագրող դառնալու անհերքելի առավելությունները: Եթե ուզում եք, հենց հիմա էլ առնվազն մի 10 գայթակղիչ հանգամանք մատնանշեմ: Բայց նաև խոստովանեմ՝ ժամանակին, երբ տղաս ավարտեց դպրոցն ու ասաց՝ պապ, երբեք չէի ուզենա լրագրող դառնալ, շատ ուրախացա, որ տղաս ամենևին չի ցանկանում գնալ իմ ճանապարհով:
Բայց եթե այնուամենայնիվ հիմա հարցնեք՝ բա ի՞նչ դառնանք, կդժվարանամ պատասխանել: Ով գիտի, թե ապագայում որ մասնագիտությունն է լինելու շահեկան: Մեր ժամանակ, երբ ես էի դպրոցն ավարտում, այսպիսի բան էր ընդունված՝ շարադրություն էինք գրում ամենատափակ թեմայով՝ դպրոցն ավարտելուց հետո ինչ ես ուզում դառնալ:
Պատկերացրեք, որ այն ժամանակ՝ 70 թվականին, երբ ավարտեցի դպրոցը, ավարտական այդ շարադրությունում գրեի՝ «ուզում եմ դառնալ ծրագրավորող», դասատուն կարող էր ինֆարկտ ստանալ: Ի՞նչ ծրագրավորող: Ի՞նչն ես պատրաստվում ծրագրավորել: Որովհետև հիմա ծրագրավորողը ամենահեռանկարային ու շահեկան մասնագիտությունն է ողջ աշխարհում՝ Ամերիկայից մինչև Հնդկաստան, իսկ այն ժամանակ՝ 70-ականներին, երբ ես էի ավարտում դպրոցը, ծրագրավորող հասկացությունը Հայաստանում ընդհանրապես գոյություն չուներ: Բա ես հիմա ձեզ ինչպես խորհուրդ տամ, թե որ մասնագիտությունն է քսան տարի հետո շահեկան լինելու:
Հենց որ տեսնես՝ Facebook եմ մտնում, մի լավ ապտակ հասցրու ինձ
Ընդհանրապես եկեք մի հարց վերջնականապես ճշտենք։ Դուք, որ այսօր ավարտում եք դպրոցը, ինչի՞ եք ձգտում: Գիտեմ, որ ամեն ինչի: Այսինքն ուզում եք, որ լինի երեքը մեկում՝ լավ փող, լիքը հետաքրքրություն ու նաև հասարակական ճանաչում ու գնահատում: Լինում է, բայց շատ հազվադեպ: Օրինակ՝ եթե պատգամավոր դառնաք, միջինից առնվազն երկու անգամ ավելի բարձր աշխատավարձ կունենաք հաստատ՝ պարգևավճարն էլ հետը: Չգիտեմ, թե օրենսդրական աշխատանքի նկատմամբ ձեր հետաքրքրությունն ինչպիսին կլինի, բայց ձեր նկատմամբ հետաքրքրությունը առնվազն մի հինգ տարի շարունակ չի մարի։
Գիտեմ, որ շատ վիճահարույց խորհուրդներ եմ տալիս ձեզ, մեր այսօրվա սիրելի շրջանավարտներ: Դուք ինձ մի լսեք: Լսեք բրիտանացի Ռեդյարդ Քիպլինգին, որի հանրահայտ բանաստեղծությունը, հաստատ համոզված եմ, հենց ձեզ է ուղղված. «Եթե կյանքով լցնես կյանքիդ ամեն վայրկյանը ու լիարժեք ապրես օրերդ հիասքանչ, ուրեմն տեր ես աշխարհի ժառանգությանը: Եվ ավելին՝ դու Մարդ ես, մանչ»։
Բոլոր հիմարությունները դեմքի խելոք արտահայտությամբ են արվում, կամ Մյունխհաուզենի սինդրոմը