ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում այսօր որոշում է կայացվել վարչական վարույթ հարուցել մի շարք տնտեսվարողների նկատմամբ՝ 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում մեկանգամյա օգտագործման պաշտպանիչ դիմակների շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ:
Մինչ այդ, ոլորտում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դիմակների մեծածախ իրացնողներն ու մանրածախ առևտրային ցանցերը 2020 թվականի մարտ-մայիս ամիսներին չհիմնավորված բարձր գներ են կիրառել, ինչի արդյունքում սպառողները դիմակները ձեռք են բերել անհիմն բարձր գներով։
Հանձնաժողովի տվյալներով` մեծածախ վաճառքի գինը մեկ դիմակի համար 2020 թվականի մայիսին միջինը կազմել է 120-175 դրամ, իսկ մանրածախ իրացման գինը` միջինը 160-220 դրամ:
«Ես դիմակաֆոբ եմ»․ ինչպես են քաղաքացիներն ու մասնագետները վերաբերվում դիմակ կրելուն
Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ պարտադիր է հանրային բաց վայրերում դիմակների առկայությունը, իսկ հանրային փակ վայրերում` կրելը: Այս կարգը խախտելու համար քաղաքացիները կենթարկվեն վարչական պատասխանատվության՝ 10 000 դրամի չափով:
Սոցիալական պայմանները հաշվի առնելով` պարետի որոշմամբ բժշկական դիմակներ կրելը պարտադիր չէ, դրանք կարող են փոխարինվել տնային պայմաններում պատրաստված, ինքնաշեն, բազմակի օգտագործման, լվացվող դիմակներով:
Մինչև սպառողին հասնելը դիմակը երկու անգամ թանկանում է. ՏՄՊՊՀ-ն չարաշահումներ է բացահայտել