Արցախի նախագահը մի շարք նշանակումներ է արել

Արայիկ Հարությունյանի հրամանագրերի համաձայն` Արցախը կունենա երկու նոր նախարար և նոր ոստիկանապետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik.Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 26-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Տեղեկությունը հայտնում է Արցախի կառավարության մամուլի ծառայությունը։

«Համագործակցելու եմ բոլորի հետ անխտիր»․ Արայիկ Հարությունյան

Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար։ Նա այս պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի հունիսից։

Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար։ Մինչ այս ԿԳՄ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Նարինե Աղաբալյանը։

Արամ Սարգսյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար. նա կփոխարինի Կարեն Շահրամանյանին։

Արայիկ Հարությունյանը հաստատել է նաև կառավարության որոշումները, համաձայն որոնց՝ Վլադիկ Խաչատրյանն ազատվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Կարեն Սարգսյանը նշանակվել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն:

Նախագահի մեկ այլ հրամանագրով գեներալ-լեյտենանտ Լյովա Մնացականյանն ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ՝ ազատվելով Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:

Հիշեցնենք` ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ ընտրվեց «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, որը նախկինում տևական ժամանակ զբաղեցրել էր ԱՀ վարչապետի պաշտոնը։ Մայիսի 21-ին նա երդվեց ու ստանձնեց Արցախի նախագահի պաշտոնը։

Արայիկ Հարությունյանն աշխատակազմի ղեկավար է նշանակել