Դավիթ Բաբայանը ազատման դիմում է գրել. Հարությունյանը նրան նոր պաշտոն է առաջարկել

Բաբայանը նշել է, որ չի հեռանում քաղաքական և հասարակական դաշտից և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկով ստանձնում է Հարությունյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդականի պաշտոնը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը պաշտոնից ազատման դիմում է գրել: Այդ մասին նա հայտնել է Facebook-ի իր պաշտոնական էջում:

Դավիթ Բաբայան. «Արցախը պահպանելու և պաշտպանելու է իր ազատությունը»

«Արդեն 13 տարի է, ինչ ես գլխավորում եմ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը՝ կառույց, որը պատասխանատու է մեր երկրի տեղեկատվական քաղաքականության համար: Տեղեկատվական ճակատը, հատկապես մեր երկրի համար, որը գտնվում է չկարգավորված հակամարտության պայմաններում, ունի ռազմավարական կարևորագույն նշանակություն: Ինձ համար պատիվ է եղել այս բոլոր տարիների ընթացքում ղեկավարել այդ կառույցը, լինել տեղեկատվական ճակատի առաջամարտիկներից, ծառայել իմ ժողովրդին և հայրենիքին: Աշխատանքս փորձել եմ կատարել արհեստավարժորեն՝ որպես ուղենիշ միշտ ունենալով պետական և ազգային շահերը»,- գրել է նա:

Արդեն նախկին պաշտոնյան շնորհակալություն է հայտնել իր բոլոր գործընկերներին և լրատվական դաշտի ներկայացուցիչներին՝ երկարատև արդյունավետ համագործակցության համար և հաջողություն մաղթել այդ պաշտոնում իրեն փոխարինող Վահրամ Պողոսյանին:

Բաբայանը նշել է նաև, որ չի հեռանում քաղաքական և հասարակական դաշտից և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկով այսուհետ աշխատելու է արտաքին հարաբերությունների գծով խորհրդականի պաշտոնում:

«Համագործակցելու եմ բոլորի հետ անխտիր»․ Արայիկ Հարությունյան

Բաբայանը նշել է, որ շարունակելու է նաև կուսակցական ակտիվ գործունեությամբ զբաղվել և խոստացել՝ 13 տարվա աշխատանքային գործունեության մասին ավելի մանրամասն խոսել ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ:

Նշենք, որ Բաբայանը ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր 2007 թվականի սեպտեմբերից, մինչ այդ՝ 2005-2007թթ. աշխատել է ԱՀ նախագահի օգնականի պաշտոնում:2013 թվականի դեկտեմբերի 28-ին նշանակվել է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, իսկ 2019 թվականի փետրվարի 26-ին հիմնադրել է Արցախի պահպանողական կուսակցությունը. նույն թվականի ապրիլի 17-ին ընտրվել կուսակցության նախագահ:

Կուսակցությունը (ԱՊԿ)՝ առաջնորդ Դավիթ Բաբայանի գլխավորությամբ 2020 թ. մարտի 31-ին մասնակցեց  ԱՀ խորհրդարանական և նախագահական ընտրություններին: