«Տո դու ո՞վ ես, որ ինձ ընդհատես»․ պատգամավորները վիճեցին Ազգային ժողովում

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորն ընդհատեց «Բարգավաճ Հայաստանի» գործընկերոջը, ինչը դուր չեկավ վերջինին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. «Իմ քայլի» և «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանն ու Գևորգ Պետրոսյանն այսօր վիճեցին Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում։

Մեկ հարվածը չի կարող որակվել որպես ծեծ. ՀՔԾ-ն՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին

Հանձնաժողովի նիստում քննարկվում էր «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքում լրացում կատարելու և վիրավորանքի, արժանապատվությունը նսեմացնելու գործերն ավելի սեղմ ժամկետներում քննելու նախաձեռնությունը։ ԲԴԽ դատավոր անդամ Անի Մխիթարյանը նշեց, որ խնդրին պետք է ոչ թե դեկլարատիվ բնույթ տալ, այլ այնպիսի լուծում գտնել, որը հնարավոր լինի իրագործել կյանքում:

«Մարդու արժանապատվությունը անխախտելի է, առաջնային պաշտպանության օբյեկտ պետք է լինի: Այն, որ պետությունը չի կարող այդքան դատավոր ունենալ, խնդրից մի շեղեք: Դուք էլ շատ լավ գիտեք, որ այդ խնդիրը կա»,– ասաց Պետրոսյանը։

Այդ պահին Բաղդասարյանն ինչ-որ բան ասաց նրան, Պետրոսյանը պատասխանեց․ «Բայց ձեզ ո՞վ ձայն տվեց:»: Բաղդասարյանը շարունակեց խոսել, բայց անջատած խոսափողի պատճառով նրա ձայնը չէր լսվում։

«Մի հատ դուք ձեր չափի մեջ մնացեք․․․ հանձնաժողովի նախագահ կա, ուրեմն մի րոպե․․․», - շարունակեց Պետրոսյանը։

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, որը կոչ էր անում խորհրդարանականներին հանգստանալ, 10 րոպե ընդմիջում հայտարարեց, սակայն պատգամավորները շարունակեցին վիճել։

Մեկ քրեական գործ և դատական երկու հայց. ԱԺ փոխնախագահն իր ընդդիմախոսներից պատիվ է պահանջում

«Տո դու ո՞վ ես, որ ինձ ընդհատես․․․Գիտեմ, որ Նիկոլայ Բաղդասարյանն ես, դրա համար եմ ասում», - ասաց Պետրոսյանը։

Այնուհետև մասնակիցները լքեցին նիստի դահլիճը։

Հիշեցնենք՝ մայիսի 8-ին ԱԺ նիստի ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև։ Վեճին խառնվել էին նաև դահլիճում գտնվող կառավարության անդամներն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Փաշինյանը դեպքից ժամեր անց հանդես էր եկել հայտարարությամբ` ասելով, որ տեղի ունեցածը սադրանք է։

Նշենք, որ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասով բացատրություն տալու համար ՀՔԾ էին հրավիրվել պատգամավոր Արտակ Մանուկյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա նկատմամբ նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն:

Ի՞նչ կապ կա վարչապետի բառապաշարի, ԱԺ ծեծկռտուքի և փաստաբանի տան վրա հարձակման միջև

Մայիսի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունն Ազգային ժողովում մայիսի 8-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ չի հարուցի։