Ինչ նոր ակնկալիքներ ունի վարչապետ Փաշինյանն արտգործնախարարից

ԱԳՆ զեկույցը լսելուց հետո Նիկոլ Փաշինյանը կարևորել է համահայկական ներուժը լիարժեք օգտագործելու համար նոր հայեցակարգի մշակումը՝ հաշվի առնելով սփյուռքում վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած գործընթացներն ու փոփոխությունները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Արտաքին գործերի նախարարությունը՝ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ, հաշվետու զեկույց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Տեղեկությունը հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունից։

Մնացականյանը տեսակոնֆերանս է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ. ինչ են քննարկել

«Նախարարը մանրամասն զեկուցել է հաշվետու ժամանակահատվածում ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունների և գերակայությունների ուղղությամբ իրականացված աշխատանքների մասին: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման, մարդու իրավունքների պաշտպանության օրակարգի առաջմղման, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքներին»,-ասված է հաղորդագրության մեջ:

ԱԳ նախարարը մասնավորապես ընդգծել է, որ հայկական դիվանագիտությունն իր գործունեությամբ հաստատել է՝ ինքնիշխանությունը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն սկզբունքն է և երկու մյուս սկզբունքների՝ համահայկականության և փոխգործակցության հետ մեկտեղ, ապահովում է միջազգային ասպարեզում հայ ժողովրդի արժեքների և շահերի հետապնդումը:

Լավրովը զանգել է Մնացականյանին. խոսել են ղարաբաղյան խնդրից ու կորոնավիրուսից

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Եվրոպական միության և եվրոպական մայրցամաքի երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի ու Գերմանիայի, անմիջական հարևաններ Վրաստանի ու Իրանի հետ փոխգործակցության, տարբեր տարածաշրջանների երկրների հետ հարաբերությունների առավել զարգացմանը միտված քայլերը: Առանձնահատուկ կարևորվել է Հայաստան-Կիպրոս-Հունաստան համագործակցության եռակողմ ձևաչափի հաստատումը:

«Փոխզիջումը մաքսիմալիզմ չի ընդունում»․ Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը

ԱԳ նախարարը զեկուցել է Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի պետությունների հետ գործակցության խթանմանը միտված քայլերի, ինչպես նաև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ՄԱԿ-ի, Եվրոպական խորհրդի, ԵԱՀԿ-ի, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում և բազմակողմ այլ ձևաչափերում համագործակցության և մեր երկրի առաջնահերթությունների մասին:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացումը և մեր երկրի դիվանագիտական ծառայության ներուժի լիարժեք իրացմանն ու ամրապնդմանը միտված հետևողական աշխատանքների իրականացումը: Կառավարության ղեկավարն արտաքին քաղաքական գործընթացում ընդգծել է տնտեսական բաղադրիչի ընդլայնման անհրաժեշտությունը:

«Պարտադիր չէ, որ հարաբերությունները սկսվեն ու ավարտվեն կենացներով». Մնացականյան

«Բոլոր ուղղություններով արտաքին քաղաքականությունը պետք է զուգորդվի տնտեսական նախագծերի ներկայացմամբ ու ներգրավմամբ»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև համահայկական ներուժը լիարժեք օգտագործելու համար նոր հայեցակարգի մշակումը՝ հաշվի առնելով սփյուռքում վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած գործընթացներն ու փոփոխությունները: Կառավարության ղեկավարն արտաքին քաղաքականության վերաբերյալ պատասխանատուներին տվել է նաև կոնկրետ այլ հանձնարարականներ: