Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաներից 9-ը վարակվել են կորոնավիրուսով

Դայակներից մեկին տուն են ուղարկել, մյուսները երեխաների հետ մեկուսացել են հաստատությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող մանկատանը 15 վարակակիր կա։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք է գրանցվել

«Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը 46 հոգու են թեստավորել, 15–ի թեստի արդյունքը դրական է եղել։ 9-ը երեխաներ են, 6-ը` աշխատակիցներ»,– ասաց նա։

Մարտիրոսյանի խոսքով` երեխաներից ոչ մեկը վարակի ախտանշաններ չունի, իրենց շատ լավ են զգում։

«Դայակներից մեկը տուն է ուղարկվել, ենթադրվում է, որ նա է բերել վարակը, որովհետև երեխաների մեծ մասը նրա խմբից են եղել։ Մյուս դայակները երեխաների հետ մեկուսացած են հենց հաստատությունում»,– ասաց նա։

Այս պահին Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը նաև հրավիրյալ բժիշկներ և բուժքույրեր են աշխատում «Արաբկիր» կենտրոնից: Առավոտյան թեստավորումից հետո տարածքն ախտահանվել է:

Փետրվարի 27-ից սկսած՝ խնամքի բոլոր հաստատությունները գտնվել են կարանտինային ռեժիմում, մուտքն ու ելքը խիստ սահմանափակ է եղել: Մայիսի 19-ից սկսած՝ երեխաների շուրջօրյա խնամքի հաստատություններն ամբողջովին փակ ռեժիմում են եղել:

Նշենք, որ այս հաստատությունում պահվում են մտավոր և ֆիզիկական խանգարումներ ունեցող երեխաները։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 452-ով և դարձել 7113, վարակի հետևանքով մահացածների թիվը հասել է 87-ի, մայրական մահվան առաջին դեպքն է գրանցվել։