Արայիկ Հարությունյանը խնդրում է իր գրառումն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում

Եթե պարզվի, որ Գրիշա Թամրազյանը կատարել է հովանավորչություն, ապա նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ հակառակ դեպքում Սմբատ Գոգյանը սուտ մատնության համար կարող է ենթարկվել պատասխանատվության։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանի հարցազրույցներում արված այն հայտարարությանը, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ թարգմանություններ և արտագրություններ, սակայն ըստ Սմբատ Գոգյանի՝ ռեկտորի պաշտոնակատարն առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը, քանի որ վերջինին, ըստ էության, հովանավորում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը։

«Այսինքն՝ այդ հայտարարությունը, առերևույթ, կարող է վկայել հնարավոր ապօրինի հովանավորչության մասին, որն իր մեջ կարող է պարունակել հանցագործության հատկանիշներ, մասնավորապես՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, անցում կամ այլ նմանօրինակ քրեաիրավական արարք։ Հետևաբար խնդրում եմ իրավապահ մարմիններին իմ այս հայտարարությունը դիտարկել որպես հանցագործության մասին հաղորդում և ձեռնարկել համապատասխան գործընթացներ՝ պարզելու ինչպես հայտարարություն կատարող անձի գործողությունների, այնպես էլ, առավել ևս, նախարարի տեղակալի ենթադրյալ քայլերի մասով։ Ընդ որում` կարծում եմ` իրավապահ մարմինները պետք է հրավիրեն Սմբատ Գոգյանին, վերցնեն համապատասխան հաղորդում կամ բացատրություն իր իսկ հայտարարությունների կապակցությամբ՝ միաժամանակ նախազգուշացնելով քրեական օրենսգրքով նախատեսված մեկ այլ հանցակազմի՝ սուտ մատնության մասին»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Ըստ նախարարի` եթե պարզվի, որ Գրիշա Թամրազյանը կատարել է հովանավորչություն, ապա նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, իսկ հակառակ դեպքում Սմբատ Գոգյանը սուտ մատնության համար կարող է ենթարկվել պատասխանատվության։

Հարությունյանը կարծում է՝ իրավական պետությունում այլ ելք չի կարող լինել, քան սույն իրավիճակն իրավական ճանապարհով լուծելու տարբերակը։

Հիշեցնենք` մայիսի 14-ին հայտնի դարձավ, որ Գոգյանը հրաժարվել է ԲՈԿ նախագահի պաշտոնից։ Ավելի ուշ նա բացատրեց իր այդ քայլի պատճառները։