Կորոնավիրուսով հիվանդների մահճակալային ֆոնդն ավելացվել է ևս 102-ով. լուսանկարներ

Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղում շահագործման է հանձնվել 102 մահճակալային ֆոնդով նոր մասնաշենքը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Այսօր շահագործման է հանձնվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը, որն օգտագործվելու է կորոնավիրուսով հիվանդների բուժման նպատակով: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Այրվածքաբանության կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը:

Նոր մասնաշենքը հավելյալ 102 մահճակալի հնարավորթյուն է տալիս կորոնավիրուսով հիվանդների բուժման համար:

«COVID19-ի դեմ պայքարի շրջանակում այսօր շահագործման հանձնվեց Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի նոր մասնաշենքը, որը մեր մահճակալային հզորությունը 147-ից կհասցնի 249-ի»,- գրել է Սիմոնյանը:

Ռեանիմացիոն մահճակալներից ազատ է ընդամենը 32 –ը. Թորոսյանը նոր տվյալներ է հաղորդել

Հիշեցնենք՝ առողջապահության նախարարության տվյալներով, այժմ Հայատանում COVID19-ի դեմ պայքարի նպատակով առանձնացված մահճակալների թիվը շուրջ 1550 է, իսկ ամբողջ երկրի մահճակալային ֆոնդը՝ մոտ 12.000: Ընդ որում՝ այս վերջին ցուցանիշում հաշվառված են նաև ՄՀՀ-ում ու մարզասրահների տարածքներում պատրաստված մահճակալները, որոնք ներկա պահին, բարեբախտաբար, դեռ չեն օգտագործվել:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դիտարկմամբ՝ այդ լրացուցիչ կարողությունները նախապատրաստվել են հնարավոր ամենավատ սցենարի դեպքում օգտագործվելու համար, այն դեպքում, եթե վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվն անցնի 524.000-ը, որից ծանր հիվանդների թիվը կլինի 26.202, իսկ պահանջվող մահճակալների թիվը հիվանդության տարածման պիկի ժամանակ՝ կհասնի 12.445-ի։

Ի՞նչ կլինի, եթե վարակի տարածման այս տեմպը պահպանվի. Թորոսյանը խոսեց անցանկալիի մասին