ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի –Sputnik. Հայաստանում ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժինը ընդունելության համար էլեկտրոնային հերթագրումը կիրականացնի «մաքուր էջից»: Դիվանագիտական ներկայացուցչությունն այս մասին հայտարարություն է տարածել։
Դեսպանատանից հիշեցրել են, որ հյուպատոսական բաժինը մարտի 18-ից կորոնավիրուսի տարածման սպառնալիքի և Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու հետ կապված դադարեցրել էր հյուպատոսական բոլոր հարցերով այցելուների ընդունելությունը։ Նշվում է, որ հյուպատոսական ընդունելությունը վերսկսելու հարցն ուղղակիորեն կախված է համաճարակաբանական իրավիճակից, որոշումն ընդունվելու է Հայաստանում արտակարգ դրության ռեժիմի չեղարկումից հետո։
Միևնույն ժամանակ, դեսպանատունը հայտնել է, որ կիրառված «հակավիրուսային» սահմանափակումների պատճառով հայտատուներից շատերն արդեն իսկ բաց են թողել իրենց էլեկտրոնային հերթը` հյուպատոսական այս կամ այն ծառայությունը ստանալու համար։
«Քանի որ ընդունելության վերականգնումը ձգձգվում է օբյեկտիվ պատճառներով հյուպատոսական բաժինը չի կարողանա արտոնյալ սպասարկում ապահովել իրենց հերթը բաց թողած քաղաքացիների համար։ Դրանով կխախտվի այն դիմորդների իրավունքը, որոնց հերթը կհասնի արտակարգ ռեժիմից հետո», – գրված է դիվանագիտական առաքելության Facebook–յան էջում տեղադրված հաղորդագրության մեջ։
Մոսկվան աշխատելու է Բաց երկնքի պայմանագրի պահպանման ուղղությամբ․ Ռուսաստանի ԱԳՆ
Դեսպանատունը նշել է, որ ստեղծված արտակարգ պայմաններում միակ հնարավոր լուծումը կլինի առանց բացառության չեղարկել հյուպատոսական բոլոր հարցերով ընդունելության համար էլեկտրոնային հերթում առկա բոլոր գրանցումները։
«Հյուպատոսական ընդունելության վերականգնման օրը որոշելուց հետո էլեկտրոնային գրանցումը կսկսվի «մաքուր էջից»։ Խնդրում ենք ուշադիր հետևել դեսպանատան կայքում տեղադրվող նորություններին։ Ներողություն ենք խնդրում մեզնից անկախ ձեզ պատճառած անհարմարությունների համար և հուսով ենք շուտով կհանդիպենք», – հայտարարել է դեսպանատունը։
Հայաստանը պնդում է, Ռուսաստանը` պարզաբանում. հնարավո՞ր է ԵԱՏՄ–ում գազի միասնական շուկան
Հայաստանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար արտակարգ դրություն է հայտարարվել մարտի 16-ից հունիսի 13-ը։ Երկրում, մայիսի 25-ի տվյալներով, կորոնավիրուսային վարակի բացահայտված 7113 դեպք կա, բուժվել է 3145 պացիենտ, մահացել` 87-ը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։