ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik.Հայաստանի շարժական կապի երեք օպերատորները՝ «Յուքոմը», «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն ու «ՎԵՈՆ Արմենիան» հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Օպերատորները նշել են, որ ստիպված են արձանագրել, որ վերջին շրջանում նկատվում է շարժական կապի և մասնավորապես՝ 5G ցանցի վերաբերյալ դավադրապաշտական, հակագիտական, իրականությանը չհամապատասխանող նյութերի ակտիվ շրջանառություն:
«Հարկ ենք համարում տեղեկացնել, որ Հայաստանի հանրապետությունում առկա են բացառապես 2G, 3G, 4G ու 4G+/LTE Advanced ցանցեր, որոնցից յուրաքանչյուրի համար Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից շարժական կապի օպերատորներին հատկացվել են հաճախականությունների համապատասխան շերտեր: Այս տեղեկատվությունը բաց է ու հասանելի: Վերազինման և ընդլայնման աշխատանքներն իրականացվում են բացառապես 2G, 3G, 4G ու 4G+/LTE Advanced ցանցերում»,- նշված է հայտարարության մեջ:
Ներքոստորագրյալ երեք օպերատորները հորդորել են զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող, չճշտված, գիտականորեն չհիմնավորված, քաղաքացիների շրջանում անհարկի տագնապ առաջացնող տեղեկության, ինչպես նաև օպերատոր-ընկերությունների գույքին սպառնալիք ներկայացնող սադրիչ հայտարարություններ տարածելուց:
ՏՄՊՊՀ-ն կարճել է «ՎԵՈՆ Արմենիա» և «Յուքոմ» ՓԲԸ-ների համակենտրոնացման մասին վարույթը
Նշվում է, որ համավարակով պայմանավորված իրավիճակում երեք օպերատորներն անում են առավելագույնը, որպեսզի հայաստանյան բաժանորդները մշտապես կապի մեջ մնան աշխարհի տարբեր երկրներում բնակվող իրենց մտերիմների, գործընկերների և կարևոր մարդկանց հետ, կարողանան առցանց աշխատել, կրթվել և, մնալով տանը, կանխել վարակի տարածումը։ Սպառնալիք ու սադրանք պարունակող հայտարարությունների հետագա տարածման դեպքում Հայաստանի շարժական կապի օպերատոր ընկերություններն ստիպված կլինեն դիմել իրավապահ մարմիններին: