«Ոստիկանները երաշխիքներ են տվել». Կապանի` ժամեր տևած բողոքի ակցիան դադարեցվեց

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանն իր և ոստիկանության պաշտոնյաների հանդիպման մանրամասները ներկայացրեց հավաքվածներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Ոստիկանությունը խոստացել է, որ Քաջարանում բերման ենթարկված անձանց հանդեպ որևէ բռնություն չի գործադրվելու, իսկ հարուցված քրգործն ընթանալու է օբյեկտիվ ճանապարհով։ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը քիչ առաջ դուրս եկավ ոստիկանության Կապանի բաժնից ու հայտարարեց այս մասին` ասելով, որ ոստիկանությունն իրեն է նման երաշխիք տվել։

Պատժվողներ լինելու են. Հունան Պողոսյանը Կապանում բողոքի ակցիայի մասնակիցների մոտ է

Ավելի վաղ հայտնել էինք, որ Քաջարանի բնակիչ Նվեր Խաչատրյանը բավական չէ սխալմամբ բերման է ենթարկվել ոստիկանություն, նաև բռնություն է կիրառվել նրա նկատմամբ։ Լուսադեմին դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի։ Ձերբակալվածներից մեկին ազատ են արձակել, և պարզվել է` նա սխալմամբ է տարվել ոստիկանական բաժին. հենց նա էլ բռնության է ենթարկվել: Դրանից հետո բավական մեծ թվով մարդիկ էին հավաքվել Կապանի ոստիկանության առջև, այնտեղ էր եկել նաև Սյունիքի ոստիկանապետ Հունան Պողոսյանը։

«Ինձ երաշխիք են տվել, որ բռնություն գործադրողներն օրենքով նախատեսված պատասխանատվություն են կրելու։ Վստահաբար կարող եմ ասել, որ նրանց նկատմամբ լինելու է քրեական գնահատական։ Ինձ ասել են, որ միասին կարող ենք նաև նախաքննական գործընթացներին մասնակցել և դուք ինքներդ կհամոզվեք, որ ոչ մի բռնություն չի լինելու»,–ասաց Փարամազյանը` հավելելով, թե չի կարծում, որ ՀՀ քրեական վարչության պետն իր ասածի տերը չի լինի։

Նրա խոսքով` այժմ Կապանի ոստիկանությունում գտնվող անձանց տեղափոխելու են Երևան, և նրանց հանդեպ քրգործի նախաքննությունը կատարվելու է ԱԱԾ–ում։

«Կատարվածը քաղաքական հետապնդում է». բողոքի ակցիա Կապանի ոստիկանության դիմաց. տեսանյութ

Քաղաքապետն ասաց նաև, որ քննության ընթացքում կերևա` ով է մեղավոր, ով` ոչ։ Նրա խոսքով` եթե երաշխիքները չկատարեն, ապա հետևանքները շատ վատն են լինելու։

Դրանից հետո նա դիմեց ժողովրդին` ասելով, որ հետագա քայլերը որոշողը նրանք են, քանի որ բողոքի ակցիա անելու գաղափարն էլ նրանցն է։

Ի պատասխան հավաքվածները նշեցին, որ կսպասեն մինչև ոստիկանությունը ձերբակալվածներին դուրս հանի և Երևան տեղափոխի ու կգնան տուն։

Ոստիկանության բաժնից դուրս բերված ձերբակալվածներին հավաքվածները ճանապարհեցին ծափողջյուններով։ Բողոքի ակցիան դադարեցվեց, մարդիկ հեռացան ոստիկանության բաժնի մոտից։

ՄԻՊ–ը դատախազություն կդիմի Կապանի բաժանմունքում քաղաքացուն բռնության ենթարկելու դեպքով

Հիշեցնենք, որ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը հայտարարել էր, որ օրեր առաջ ոստիկանության կողմից իր և մերձավորների բնակարաններում խուզարկությունները, ինչպես նաև համաքաղաքացիների անհիմն ձերբակալությունները քաղաքական հետապնդում են։ ՄԻՊ Արման Թաթոյանն էլ իր հերթին հայտնել է, որ վաղը դատախազություն գրություն կուղարկի`բռնության ենթարկված քաղաքացու դեպքով։