Պատժվողներ լինելու են. Հունան Պողոսյանը Կապանում բողոքի ակցիայի մասնակիցների մոտ է

Կապանի ոստիկանության բաժնի առջև ընթացող բողոքի ակցիան շարունակվում է։ Հունան Պողոսյանը ժամանեց այնտեղ` բողոքի ակցիա անողների պահանջը կատարելով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը Կապանի ոստիկանության բաժնի մոտ է, նա զրուցում է արդեն մի քանի ժամ այնտեղ բողոքի ակցիա իրականացնողների հետ։ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը նույնպես ոստիկանության առջև է։

«Կատարվածը քաղաքական հետապնդում է». բողոքի ակցիա Կապանի ոստիկանության դիմաց. տեսանյութ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Քաջարանի բնակիչ Նվեր Խաչատրյանը բավական չէ սխալմամբ բերման է ենթարկվել ոստիկանություն, նաև բռնության է ենթարկվել։ Լուսադեմին դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի։ Ձերբակալվածներից մեկին ազատ են արձակել, և պարզվել է` նա սխալմամբ է տարվել ոստիկանական բաժանմունք: Դրանից հետո մի խումբ մարդիկ էին հավաքվել Կապանի ոստիկանության բաժանմունքի մոտ` պահանջելով, որ Հունան Պողոսյանը գա իրենց մոտ ու բացատրի` ինչ է կատարվում։

«Այն, որ բռնության ենթարկված քաղաքացու համար պատժվողներ լինելու են, միանշանակ է։ Ոստիկանապետ Արման Սարգսյանն անձամբ հայտնել է այդ մասին»,–ասաց Պողոսյանը։

Պողոսյանն ասաց, որ անտեղի ոչ մի բան չի լինում։ Նա նաև նշեց, որ տեղի ունեցածի մեջ քաղաքական ենթատեքստ փնտրել պետք չէ։ Պողոսյանի խոսքով` իր պաշտոնավարման ժամանակ չի եղել որևէ դեպք, որ մեկին քաղաքական հայացնքների համար ասեն «աչքիդ վերևը հոնք կա»։ Ավելին, ըստ նրա, եթե որևէ մեկը կարծում է, որ այս ամենի հետևում քաղաքական ենթատեքստ կա, ապա սադրում է։ Պողոսյանը վստահեցնում է` եղածը հարուցված քրգործերից մեկի տիրույթում է։

ՄԻՊ–ը դատախազություն կդիմի Կապանի բաժանմունքում քաղաքացուն բռնության ենթարկելու դեպքով

Բողոքի ակցիա անողները նշում են` իրենց ասել են, որ բերման ենթարկվածներին Երևան են տեղափոխելու հարցաքննման համար։ Սակայն իրենք ուզում են, որ բերման ենթարկվածներին հարցաքննեն Կապանում, քանի որ վստահ չեն, որ բռնության չեն ենթարկվի։

Առաջարկ եղավ, որ բողոքի ակցիայի մասնակիցներից 15 հոգի հավաքվեն ու մարզպետի հետ կլոր սեղանի շուրջ քննարկեն խնդիրը։

Հիշեցնենք, որ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը հայտարարել էր, որ օրեր առաջ ոստիկանության կողմից իր և մերձավորների բնակարաններում խուզարկությունները, ինչպես նաև համաքաղաքացիների անհիմն ձերբակալությունները քաղաքական հետապնդում են։ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանն էլ իր հերթին հայտնել է, որ վաղը դատախազություն գրություն կուղարկի`բռնության ենթարկված քաղաքացու դեպքով։