ՄԻՊ–ը դատախազություն կդիմի Կապանի բաժանմունքում քաղաքացուն բռնության ենթարկելու դեպքով

Մարդու իրավունքների պաշտպանը կարծում է, որ պետք է անմիջապես քրեական գործ հարուցվի` Կապանի բաժանմունքում քաղաքացուն բռնության ենթարկելու դեպքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեղեկացնում է, որ վաղն առավոտյան իր ստորագրությամբ համապատասխան պաշտոնական գրություն կուղարկի դատախազություն և ոստիկանություն` ոստիկանության Կապանի բաժանմունքում քաղաքացուն բռնության ենթարկելու դեպքի հետ կապված։

Ավելի վաղ 168.am-ը գրել էր, որ Քաջարանի բնակիչ Նվեր Խաչատրյանը բավական չէ սխալմամբ բերման է ենթարկվել ոստիկանություն, նաև բռնության է ենթարկվել։

ԱԺ պատգամավորի հասցեին բռնության սպառնալիքներ հնչեցրած անձը կալանավորվել է

«Այսօր առավոտյան ՄԻՊ–ի աշխատակազմի թեժ գծին ահազանգեր են ներկայացրել երկու փաստաբան, որոնք նշել են` ոստիկանության Կապանի բաժին են բերման ենթարկվել իրենց 3 վստահորդները։ Իրենք այցելել են ոստիկանության բաժին, սակայն նրանց թույլ չեն տվել մուտք գործել բաժին և տեսակցել իրենց վստահորդներին: Քիչ անց փաստաբանները տեղեկացրել են, որ այդ անձանցից երկուսը գտնվում են քննչականում»,–նշված է ՄԻՊ–ի հաղորդագրության մեջ։

Թաթոյանը հայտնում է նաև, որ փաստաբանների ահազանգերից հետո ՄԻՊ–ի աշխատակազմի թեժ գծին են զանգել Քաջարանի բնակիչներ և տեղեկացրել, որ առավոտյան ոստիկանության Կապանի բաժին բերման ենթարկված անձանցից մեկի մտերիմներն են, ով ազատ է արձակվել և գտնվում է իրենց մոտ: Ըստ Քաջարանի բնակիչների ահազանգի՝ նրա վրա առկա են մարմնական վնասվածքներ, ոստիկանությունը նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրել ինչպես տանից բերման ենթարկելու ընթացքում, այնպես էլ բաժնում։ Ըստ ահազանգի` նրա հասցեին արվել են արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ, և նա հետազոտություն է անցնում բժշկական հաստատությունում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ուղարկվել լուսանկարներ, որոնք քաղաքացիների պնդմամբ՝ վկայում են բռնության փաստի մասին: ՄԻՊ–ը մանրամասն ուսումնասիրել է նաև բոլոր հրապարակային տվյալները, այդ թվում՝ լուսանկարները:

Ձերբակալվել է Facebook սոցցանցի ուղիղ եթերով բռնության սպառնալիքներ հնչեցնող տղամարդը

Ահազանգերից հետո ՄԻՊ–ը կապի մեջ է փաստաբանների ու ահազանգ ներկայացրած քաղաքացիների հետ: Արդեն իսկ աշխատում է մեր Կապանի ստորաբաժանումը և փաստաբանները կամ քաղաքացիները կարող են ստանալ լիարժեք աջակցություն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պարզած նախնական տվյալով` այս գործով առկա է ևս մեկ անձ, որ բերման ենթարկվել և ձերբակալվել է Երևանում:

Սեդա Սաֆարյանի հարազատների նկատմամբ բռնություն գործադրելու գործով մեկ անձ է կալանավորվել

Նկարագրված տվյալների կապակցությամբ` պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական գործ։

Հիշեցնենք, որ ոստիկանության Կապանի բաժանմունքում քաղաքացուն բռնության ենթարկելու դեպքի հետ կապված ոստիկանությունում ներքին ծառայողական քննություն է սկսվել։