Իրավիճակը բարդանում է. Փաշինյանն ասաց` վարակի դեպքերի 75-80 տոկոսը որտեղից են գալիս

Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերի ժամանակ հայտնեց, թե ինչու էին որոշել գնալ սահմանափակումների թուլացմանը, և որն էր դրա հիմնական պատճառը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի ուղիղ եթերի ժամանակ հայտնեց` կորոնավիրուսի նոր բռնկում ունենք, որը վտանգավոր վիճակ է ստեղծել։

«Վերջին շրջանում սպասարկման ոլորտն է բերել վարակի դեպքերը, այսինքն` դեպքերի 75-80 տոկոսն արձանագրվում են արդյունաբերական ձեռնարկություններում և սպասարկման ոլորտներում։ Վարակի ամենաշատ դեպքերը բանկային համակարգում են։ Պատճառներից մեկն էլ կառավարության սոցիալական աջակցության ծրագրերն են, որոնց համար մարդիկ բանկ են գնում գումար ստանալու»,–ասաց վարչապետը` հավելելով, որ իրավիճակը բարդանում է։

Կորոնավիրուսի տարածումը կզորայացնենք դիմակ կրելով. Փաշինյանը նոր որոշման մասին հայտնեց

Անդրադառնալով սահմանափակումների նվազմանը` Փաշինյանն ասաց, որ որոշեցին այդ քայլին գնալ, քանի որ տնտեսական առումով այլևս չէին կարող փակված մնալ։ Վարչապետը նշեց, որ իրենք գիտեին` սահմանափակումների թուլացումը կբերի դեպքերի ավելացման։ Մյուս կողմից, սակայն, ըստ նրա, այս ընթացքում գնաճի առումով ամենացածր ցուցանիշ ունեցող երկրներից մեկն է Հայաստանը։

Փաշինյանի խոսքով` սահմանափակումների թուլացման գնալուց առաջ ընտրությունը երկու ուղղությամբ էր` տնտեսական և առողջապահական, և իրենք որոշել են հավասարապես առաջ գնալ։

«Դաժան ձևով փակվելու են այն հանրային վայրերը, որոնք չեն պահելու անվտանգության կանոնները։ Իսկ եթե երկրորդ անգամ են խախտում անում, պետք է ոչ թե 24 ժամով, այլ մեկ ամսով փակել դրանք»,–ասաց նա։

Հայաստանում կորոնավիրուսից 1 կին և 3 տղամարդ են մահացել

Հիշեցնենք, որ մայիսի 4-ից կառավարությունը կամաց–կամաց սկսել թուլացնել արտակարգ դրության ժամանակ նախատեսված սահմանափակումները։ Մայիսի 18-ից, օրինակ, սկսեց գործել հանրային տրանսպորտը։ Թույլատրվեց նաև սրճարանների, վարսավիրանոցների և այլ գործունեություն իրականացնող ընկերությունների աշխատանքը։

Հայաստանում կորոնավիրուսով վարակված ամենափոքրիկ պացիենտին տուն են ճանապարհել. լուսանկար

Հիշեցնենեք, որ վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 359 նոր դեպք և 128 առողջացած. ունեցել ենք նաև մահվան 4 դեպք։ Ընդհանուր առմամբ Հայաստանում 6661 մարդ է կորոնավիրուսով վարակվել։