Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա
1984 թվականին Երևանի «Արարատի» կազմում հայտնվեց նոր ֆուտբոլիստ, դարպասապահ Ալեքսանդր Պոդշիվալովը: Յոթ մրցաշրջան անցկացնելով «Արարատում»` Պոդշիվալովը տեղափոխվեց այլ ակումբ:
««Արարատը» ինձ հնարավորություն տվեց խաղալու և շփվելու տարբեր հոգեկերտվածքով և տարբեր ազգությունների մարդկանց հետ: Կյանքը Երևանում ինձ ավելի կոմունիկացիոն դարձրեց: Ես մարդկանց նկատմամբ փոխեցի վերաբերմունքս և հարգեցի բոլորի ավանդույթները»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում երևանյան տարիների մասին այսպես է խոսում Պոդշիվալովը:
Ինչպես հայտնվեց «Արարատում»
Ալեքսանդր Պոդշիվալովը նախկին ԽՍՀՄ պատանեկան հավաքականում խաղալուց հետո 1984 թվականին գլխավոր «Արարատի» մարզիչ Նիկիտա Սիմոնյանից անսպասելիորեն հրավեր ստացավ «Արարատի» կազմում հանդես գալու համար։
Ոչ մի սրբություն չունեն. «Արարատ 73»–ի վետերանը` արձանները գողանալու մասին
«Սվերդլովսկի «Ուրալմաշում» էի, իմացա, որ կարող եմ խաղալ Երևանում: Մտածեցի` ինչու ոչ: Իմ հասակակիցներն արդեն խաղում էին ճանաչված թիմերում: «Արարատն» ինձ համար հնարավորություն էր իմ ունակությունները դրսևորելու»,- հիշում է Պոդշիվալովը։ Առանց երկար մտածելու, ոգևորված նա մեկնում է Գագրա քաղաք, որտեղ հայկական թիմը նախապատրաստվում էր գալիք մրցաշրջանին:
Խորեն Հովհաննիսյանի գործոնը
Ռուս դարպասապահի համար առաջնային խնդիրը Երևանում հաստատվելն էր: «Արմենիա», «Դվին» և «Էրեբունի» հյուրանոցներում որոշ ժամանակ ապրելուց հետո` Պոդշիվալովին հատկացվեց երկու սենյականոց բնակարան: Բանջարանոցային կոչվող թաղամասի անունը Ալեքսանդրը չի մոռացել մինչ օրս: Նա չի մոռացել նաև հայտնի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի աջակցությունը։
«Երբ ապրում էի հյուրանոցում, ինձ հաճախակի այցելում էր Խորեն Հովհաննիսյանը, որի հետ եղել եմ Կարեն Դեմիրճյանի ամառանոցում: Խորենը Դեմիրճյանի որդու հետ էր ընկերություն անում: Նրա բնակարանում ծանոթացա լեգենդար մարզիկ Յուրի Վարդանյանի հետ: Շատ շնորհակալ եմ Խորենից, որ օգնեց ինձ Երևանում հաստատվելու գործում»,- ասում է Պոդշիվալովը: Նա ավելացնում է, որ թիմում ոչ մեկի հետ առանձնապես մոտ չէր, բայց բոլորի հետ էլ ընկերական շփման մեջ էր։
Ինտիլեգենտ մարզիչները
«Արարատի» գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի մարդկային ու մասնագիտական որակները նախկին դարպասապահի համար շատ կարևոր են եղել։
«Իմ կարիերայի ընթացքում ես ինտելիգենտ երկու մարզիչ եմ տեսել՝ Նիկիտա Սիմոնյանն ու Վալերի Նեպոմնյաշչնին: Նրանցից երբեք վատ խոսք չէիր լսի: Նրանք իրենց ուզածը շատ հանգիստ ու ըմբռնելի հասցնում էին յուրաքանչյուրիս: Նման մարդկանց հետ աշխատելը հաճույք էր պատճառում»,- մարզիչներին գնահատում է Պոդշիվալովը:
100 գրամը 10 ռուբլի
Ռուս դարպասապահի հիշողություններում հատուկ տեղ է զբաղեցնում նաև 1986-89թթ–ին «Արարատի» մարզիչ եղած Արկադի Անդրեասյանը, որին նա համարում է անառարկելի հեղինակության ձգտող։ «Անդրեասյանն անընդհատ ուղղում էր ֆուտբոլիստներին մարզումների ժամանակ, կոպիտ ասած` քայլ ձախ կամ աջ` գնդակահարություն (ծիծաղում է): Ճաշի ժամանակ չէր թողնում լրիվ ուտել բուտերբրոդը, թեյը պետք է լրիվ չխմեիր: Նա իր մեթոդներն ուներ:
Ավելորդ 100 գրամ քաշի դեպքում տուգանում էր 10 ռուբլի: Ու պատկերացրեք` եթե ամսվա 30 օրերին տուգանվեիր, պարտք կմնայիր թիմին, այլ ոչ թե աշխատավարձ կստանայիր (ծիծաղում է) »- նշում է Պոդշիվալովը: Նա հիշում եմ` մեկ օրվա ընթացքում 5 կիլոգրամ գցել է: Անդրեասյանն ասել է` պահիր այդ քաշը, իսկ դա հնարավոր չէր, մի կերպ պայմանավորվել են 77 կգ-ի վրա:
Լուրջ կոնֆլիկտ
1989 թվականին Արկադի Անդրեասյանը հեռացավ «Արարատից»: Հեռացավ բավականին աղմկոտ պատմությունից հետո: Պոդշիվալովը հիշում է, որ այդ պատմության մեջ մեղավորը ֆուտբոլիստները չէին, այլ մարզիչը։ «Խաղերից մեկի ժամանակ նա փոխարինման դուրս բերեց Էրիկ Օսիպյանին ու դժգոհ մնաց նրա խաղից: Հանդիպման ավարտից հետո Անդրեասյանը մտավ հանդերձարան ու հարվածեց Օսպիյանի դեմքին: Այստեղից էլ սկսվեց թիմ-մարզիչ հակամարտությունը:
Սպորտի զարգացումն Առաջին հանրապետությունում. ինչպես մոխիրներից հառնեց ամեն ինչ
Աշոտ Խաչատրյանը, որը թիմի ավագն էր, ասաց, որ ֆուտբոլիստի վրա մարզչի ձեռք բարձրացնելն անընդունելի է»,- հիշում է Ալեքսանդրը: Նա պատմում է, որ միաձայն որոշել են նամակ գրել ղեկավարությանը, բայց ստորագրելու ժամանակ ոչ բոլորն են միացել:
«Նյարդային» ծխախոտները
Այս պատմությունը հոգեբանական լուրջ ազդեցություն ունեցավ «Արարատի» ֆուտբոլիստների վրա, իսկ Աշոտ Խաչատրյանին ու Ալեքսանդր Պոդշիվալովին կարող էին ցմահ որակազրկել` որպես ֆուտբոլիստների դժգոհության կազմակերպիչներ։ «Ես այնքան նյարդային վիճակում էի, որ սկսեցի ծխել: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում ժողով անցկացվեց, որտեղ սպասվում էր իմ ու Աշոտի որակազրկումը:
Բայց Անդրեասյանի ելույթը հակառակ ազդեցությունն ունեցավ: Նա նշեց, որ Աշոտ Խաչատրյանը ոչինչ չի արել հայկական ֆուտբոլի համար: Նույնիսկ ես` ազգությամբ ռուսս, զարմացա նման որակավորումից: Դրանից հետո հայտարարեցին, որ Անդրեասյանն հեռացված է»- հոգոց հանելով պատմում է Պոդշիվալովը:
Ռուս հայը
Վերջին անգամ Պոդշիվալովը Երևան էր եկել 2013 թվականին, երբ ֆուտբոլային հասարակությունը տոնում էր Ալբերտ Սարգսյանի 50 -ամյակը։ «Երևանը շատ էր փոխվել, գեղեցկացել: Սևանա լիճը հրաշք էր: Ես շատ ուրախացա` հիշելով իմ անցկացրած տարիները Հայաստանում: Ավելի կուրախանայի, եթե Հայաստանում աշխատելու հրավեր լիներ: Չէ որ ներկայումս այդտեղ շատ ռուս մարզիչներ կան, բայց ինձ` ռուսական հայիս մոռացել են(ծիծաղում է): Ես շնորհակալ եմ «Արարատին» ու հայ ժողովրդին, որ ինձ ընդունեցին որպես յուրային»,- նշեց Պոդշիվալովը:
Անփոխարինելի մարզիչը, կամ զգացողություն, որը հայ ըմբշամարտիկից «խլեց» օլիմպիական ոսկին
7 մրցաշրջան «Արարատի» կազմում հանդես գալով` Ալեքսանդր Պոդշիվալով երկրպագուներին շատ հիշարժան պահեր է պարգևել: Բայց իր համար ամենահիշարժան խաղը 1988 թվականին Մոսկվայի «Սպարտակի» հետ արտագնա հանդիպումն էր, որն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:
Ալեքսանդր Պոդշիվաշովը 2014-2018 թվականներին որպես դարպասապահների մարզիչ աշխատում էր ռուսական «Տոմ» թիմում։ Հարցին, թե ինչ է անում հիմա, ծիծաղելով պատասխանում է`գործազուրկ եմ։ Միգուցե իրոք ժամանակն է Հայաստան հրավիրել երբեմնի մեր յուրայինին։