Մինսկից և Մոսկվայից վերադարձող ՀՀ քաղաքացիները պետք է ինքնամեկուսանան

Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Պետք չէ, որ հարազատները գնան նրանց դիմավորելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Մայիսի 25-ին միանգամից երկու չվերթով արտերկրից ՀՀ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք։ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Facebook–ի իր էջում տեղեկացնում է, որ «Բելավիա» ընկերությունը կիրականացնի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը (ժամանում Երևան՝ 02:45, Երևանից մեկնում՝ 03:35):

Հատուկ չվերթով ՀՀ քաղաքացիներին Հայաստան են բերել, ռուսաստանցիներին` ՌԴ տարել

Նույն օրը «Ռեդ Վինգս»ավիաընկերությունն էլ կիրականացնի Մոսկվա-Երևան չվերթը, որը Հայաստան կժամանի 21:10-ին:

«Պարետի ցուցումով ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ժամանող ուղևորների հարազատներին հորդորել է անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։

Հիշեցնենք` մայիսի 15-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերի կոնտակտավորներն այլևս չեն մեկուսացվի հյուրանոցային վայրերում։ Ավելի ուշ՝ մայիսի 19-ին, նա նաև հավելեց, որ այլևս առանց ախտանշանների կամ թեթև ախտանշաններ ունեցող կորոնավիրուսով հիվանդները չեն մեկուսացվի հյուրանոցներում կամ հիվանդանոցներում։ Նրանք մնալու են տանը։

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի` մայիսի 21-ի որոշմամբ ՀՀ ողջ տարածքում ինքնամեկուսացման պահանջ է սահմանվել արտերկրից ՀՀ ժամանող անձանց, ինչպես նաև COVID-19 վարակակիր անձի հետ համատեղ ապրող անձանց կամ նրա հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորների համար։

Ի՞նչ կլինի, եթե վարակի տարածման այս տեմպը պահպանվի. Թորոսյանը խոսեց անցանկալիի մասին