Կորոնավիրուսով վարակված 96-ամյա Սերյոժա պապիկն առողջացել է ու տուն գնացել. լուսանկար

Գրեթե մեկ դար ապրած տղամարդը կորոնավիրուսից բացի ուղեկցող այլ հիվանդություններ չի ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. 96-ամյա Ստեփանյան Սերյոժան դուրս գրվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Բուժկենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Facebook-ի իր էջում հաղորդել է ուրախ լուրը՝ նշելով, որ կորոնավիրուսով վարակված պապիկն առողջացել է և արդեն տանն է։ Նա բուժկենտրոն էր տեղափոխվել նոր կորոնավիրուսի դրական ախտորոշմամբ, ուղեկցող այլ հիվանդություն չուներ:

«Շնորհակալ եմ ինձ առողջացնելու համար, 96 տարեկան մարդ եմ, բժիշկն ասաց` սիրտս 20 տարեկանի սիրտ է, բախտս բերեց, իմ ոտքով տուն եմ գնում: Թող բոլորն առողջ լինեն, զգույշ ու ուշադիր, դժվար է մեծերի համար հիվանդանոց ընկնելը»,- տուն գնալիս ասել է Սերյոժա պապիկը:

Հիշեցնենք՝ օրեր առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից դուրս գրվեց 91-ամյա Սրբուհի Մուրադյանը։ Նա ևս հաղթահարել էր կորոնավիրուսը։ Նրա մոտ ախտորոշվել էր երկկողմանի ինտերստիցիալ թոքաբորբ՝ ախտահարված էր թոքերի շնչական մակերեսի շուրջ 70%֊ը, սակայն բժիշկներին հաջողվել էր փրկել նրա կյանքը։

Կորոնավիրուսով վարակված 91–ամյա Սրբուհի տատիկը դուրս է գրվել հիվանդանոցից

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 374–ով և դարձել 6302։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 3257 մարդ, կատարվել է 49 080 թեստավորում, առողջացել են վարակվածներից 2936–ը։ Այս պահին մեր երկրում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 77 է։